Հայաստանում են Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ֆորումի ղեկավար, ՄԿՈՒ քաղաքականության մշակման մասնագետ Մունիր Բաատին և ETF մարդկային կարողությունների զարգացման փորձագետ Քրիստինա Բուրցիոն: Հոկտեմբերի 28-29-ին փորձագետները հանդիպումներ են ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) ներկայացուցիչների հետ:
Աշխատանքային հանդիպումների առանցքում էին EQAVET (ՄԿՈՒ ոլորտում որակի ապահովման եվրոպական շրջանակ) որակի ապահովման ցուցիչները, դրանց մեկնաբանությունները և կիրառման գործիքակազմը: Քննարկվել են այդ ցուցիչները հայաստանյան համատեքստին հարմարեցնելու և ՄԿՈՒ ծրագրերի որակի գնահատման ու բարելավման գործընթացներում դրանք ներդնելու հնարավորությունները:
Հանդիպումները շարունակությունն են 2024թ. մայիսին Հայաստանում անցկացված ETF՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» ֆորումի: Ֆորումի շրջանակներում ETF անդամ երկրների միջազգային փորձագետներն իրականացրել էին ՀՀ ՄԿՈՒ համակարգի արտաքին գնահատում և ներկայացրել բարելավման խորհրդատվություններ: Առաջարկություններից էր EQAVET որակի ապահովման ցուցիչների տեղայնացումը, որի իրագործմանն էլ միտված էր այս աշխատաժողովը:
EQAVET շրջանակը, որը սկզբնապես ստեղծվել է 2009թ-ին և վերահաստատվել 2020թ-ին, նպատակ ունի օժանդակել ԵՄ անդամ երկրներին՝ խթանելու և ապահովելու իրենց ՄԿՈՒ համակարգերի շարունակական բարելավումը՝ հիմնված ընդհանուր եվրոպական չափանիշների վրա: Այն նպաստում է ՄԿՈՒ քաղաքականության թափանցիկության բարձրացմանը, անդամ երկրների միջև փոխվստահության ամրապնդմանը, դասախոսական և ուսանողական համակազմերի շարժունությանը: EQAVET շրջանակը կիրառվում է ազգային որակի ապահովման համակարգերում՝ ներառելով ՄԿՈՒ բոլոր ուսումնական միջավայրերն ու ձևերը:
Նշենք՝ ՈԱԱԿ-ն արդեն սկսել է «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» ֆորումի շրջանակներում միջազգային փորձագետների կողմից ներկայացված ՀՀ ՄԿՈՒ համակարգի բարելավման խորհրդատվությունների իրագործումը, և այս աշխատաժողովը կարևոր քայլ է այդ ուղղությամբ: