Հոկտեմբերի 18-19-ին Աստանայում ընթանում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 9-րդ ընդհանուր համաժողովը։ Այն կազմակերպվել է Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալության (IQAA) հետ համատեղ։
Համաժողովին որպես ENQA լիիրավ անդամ մասնակցում է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։
Միջոցառման ընթացքում կքննարկվեն ներկայում ընթացող և ապագա հնարավոր զարգացումները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում։ Անդրադարձ կկատարվի նաև հեռաուսուցման որակի ապահովման սկզբունքներին ու մարտահրավերներին։
ՈԱԱԿ-ը համաժողովի ընթացքում սեկցիոն նիստերով երկու զեկույց կներկայացնի։
ՈԱԱԿ-ի Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակի ապահովման մասնագետներին կներկայացնի բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի մշակած և փորձարկած մոդելը։
Իսկ ՈԱԱԿ-ի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Լիլիթ Պիպոյանը կանդրադառնա ասպիրանտական կրթության որակի ապահովմանը Հայաստանում։ Նա կներկայացնի ՈԱԱԿ-ի կողմից ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի շրջանակներում մշակված և 11 բուհերում փորձարկված ասպիրանտական կրթության որակի ապահովման չափանիշներն ու չափորոշիչները։
Նշենք, որ 2019թ․ ENQA 10-րդ համաժողովը տեղի է ունենալու Հայաստանում։ Որպես հաջորդ վեհաժողովի հյուրնկալ և համակազմակերպիչ՝ ՈԱԱԿ պատվիրակությունը ENQA անդամներին կներկայացնի նաև Հայաստանը և ՈԱԱԿ-ի 10-ամյա գործունեությունը։