Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում ստեղծված EMI (Անգլերենը որպես ուսուցման միջոց) կենտրոնը և բուհի կողմից մշակված ու փորձարկված մոդուլները գործընկերային արտաքին գնահատում են անցնում. այդ նպատակով փորձագետները մարտի 4-ին առցանց հանդիպում-քննարկումներ ունեցան ՀՀ ՊԿԱ ռեկտորի, բուհում SMARTI ծրագրի և EMI կենտրոնի համակարգողների, դասավանդող անձնակազմի, վերապատրաստված մասնակիցների հետ:
EMI կենտրոնի գործընկերային արտաքին գնահատման գործընթացում ներգրավված են փորձագետներ և ուսանող-փորձագետ SMARTI ծրագրի շահակից բուհերից: Փորձագիտական խմբի անդամներն են hոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Վանաձորի պետական համալսարանի դասախոս, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Վանանե Միրզոյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արտակ Հովհաննիսյանը, ՎՊՀ «Անգլերեն լեզու և գրականություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանող Արփինե Հակոբյանը, Ռիգայի տեխնիկական համալսարանի միջազգային ծրագրերի համակարգող Լիլի Բեթենկուրտը:
Արտաքին գնահատման գործընթացը համակարգում են ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Ավելի վաղ EMI կենտրոնը սահմանված ձևաչափով իր գործունեության և փորձարկված երկու անգլալեզու մոդուլների ինքնավերլուծություն և SWOT վերլուծություն էր իրականացրել ու ներկայացրել փորձագիտական խմբին:
Արտաքին գնահատման ընթացքում փորձագետների ուշադրության կենտրոնում էին.
- EMI կենտրոնի դերը ՀՀ ՊԿԱ առաքելության և ռազմավարական ծրագրի իրագործման մեջ;
- EMI կենտրոնի դերը բուհի միջազգայնացման ռազմավարությունում, մասնավորապես՝ անգլերենով մասնագիտական ուսուցման հնարավորությունը ՀՀ ՊԿԱ՝ միջազգային ուսանողների համար գրավչության մեծացման հարցում;
- EMI կենտրոնի և ՀՀ ՊԿԱ մյուս ստորաբաժանումների համագործակցության շրջանակը և մեխանիզմները;
- SMARTI ծրագրի ավարտից հետո EMI կենտրոնի գործունեության շարունակականության և անգլալեզու մոդուլների ցանկի ընդլայնման հնարավորությունները, դրա ապահովման ուղիները;
- Սահմանված վերջնարդյունքների ձեռքբերման և դասավանդվող մոդուլների որակի ապահովման մեխանիզմները:
Հաջորդիվ փորձագետները զեկույց կկազմեն՝ մատնանշելով EMI կենտրոնի և դասավանդվող երկու մոդուլների ուժեղ և թույլ կողմերը, արձանագրված խնդիրների բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն՝ շեշտադրելով EMI կենտրոնների գործունեության և բուհի ռազմավարական կառավարման փոխկապակցվածությունը, ինչպես նաև կենտրոնի գործունեության կայունության ապահովումը:
SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) տարբեր երկրների համագործակցությամբ եռամյա ծրագիր է, որը ձգտում է նպաստել կրթական ծրագրերի անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը ազգային և միջազգային մակարդակով:
Ծրագրի շրջանակներում հայաստանյան 5 բուհում ստեղծվել է EMI կենտրոն, փորձարկվել են մոդուլներ: Այժմ EMI կենտրոնները և փորձարկված երկուական մոդուլ գործընկերային արտաքին գնահատում են անցնում: Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը: