«Համագործակցության ուժը. ինչպես է միջազգային համագործակցությունների շնորհիվ բարելավվել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը». Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի (CEENQA)՝ նոյեմբերի 15-ին կայացած համաժողովի շրջանակներում այս թեմայով զեկույց է ներկայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը:
Զեկույցի ընթացքում նա միջազգային գործընկերներին է ներկայացրել ՀՀ բարձրագույն կրթության համակարգը և առանձնահատկությունները, որակի ապահովման գործընթացները: Նա կարևորել է ՀԲ, ՏԵՄՊՈՒՍ, Էրազմուս+ և ԵՄ ֆինանսավորմամբ, ՈԱԱԿ-ի և բուհերի ներգրավմամբ իրականացված ծրագրերը՝ նշելով, որ այդ ծրագրերն ավարտվել են, բայց դրանց արդյունքները կան և ծառայում են ՀՀ կրթական համակարգի զարգացմանը:
Զեկույցի շրջանակներում հատկապես կարևորվել են հետևյալ ծրագրերի արդյունքները.
- ARQATA- ՈԱԱԿ-ի և NVAO-ի աջակցությամբ իրականացված այս ծրագրի արդյունքում շահակից բուհերում ձևավորվել են որակի ներքին ապահովման կարողություններ, ՈԱԱԿ-ը նախապատրաստվել է ENQA անդամակցությանը:
- DIUS, PICQA- այս ծրագրերի աջակցությամբ մշակվել է Հայաստանի կրթության որակի ներքին ապահովման համակարգը , ստեղծվել են բուհերի ինքնագնահատման, ինքնավերլուծության չափորոշիչներն ու գործիքակազմը, կատարելագործվել են որակի ապահովման ներքին և արտաքին մեխանիզմները:
- GOVERN ծրագրի շրջանակներում բուհերում ներդրվել են ժամանակակից կառավարման համակարգի մեխանիզմները, տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ՝ միտված ընդլայնելու բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը:
- TNE_QA - տրանսազգային կրթության որակի բարձրացմանը և ճանաչմանը միտված այս ծրագրի շրջանակներում մշակվել են որակի արտաքին և ներքին ապահովման այնպիսի համակարգեր, որոնք ընդունված ու ճանաչված են տարածաշրջանային մակարդակով և միջազգայնորեն:
- VERITAS, C3QA ծրագրերի արդյունքում մշակվել են 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր:
- ARARAT- ծրագրի շրջանակներում մշակվել և գործարկվել է «Համալսարան-գործատու» համագործակցության մոդել: Ծրագրի արդյունքները ներկայացվել են 2017թ. EQAF-ի և 2018թ. ENQA գլխավոր վեհաժողովի ընթացքում:
- ALIGN ծրագրի շրջանակներում մշակվել է ՄԿԾ-ների և ՈԱՇ-ի համապատասխանեցման 3D մոդել: Արդյունքները ներկայացվել են INQAAHE 2017թ. համաժողովի ընթացքում:
- SMARTI ներկայում իրականացվող ծրագրի շրջանակներում շահակից բուհերը կունենան արտաքին գնահատում անցած EMI (Անգլերենը որպես ուսուցման միջոց) կենտրոն և անգլերենով դասավանդվող երկուական մոդուլ:
Համաժողովի ընթացքում գերմանական AQAS գործակալության ներկայացուցիչը ներկայացրել է համատեղ ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցումները, իսկ Ղազախստանի IKCA գործակալության ներկայացուցիչը պատմել է իրենց երկրում ընթացող որակի ապահովման գործընթացների և դրանց առանձնահատկությունների մասին:
Նշենք՝ ՈԱԱԿ-ը CEENQA անդամ է 2017 թվականից: