ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում մեկնարկել է շահակից բուհերի արտաքին գնահատման գործընթացը, որի նպատակն է գնահատել բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի արդյունավետությունը և GOVERN ծրագրի արդյունքները:
Այսօր մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:
Արտաքին գնահատման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը հունվարի 24-25-ին հանդիպում-քննարկումներ կունենա բուհի ղեկավարության, վարչական կազմի, որակի ապահովման թիմի, մասնագիտության կրթական ծրագրերի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Բուհի ինքնավերլուծության և փորձագիտական այցի հիման վրա մասնագետների խումբը եզրակացություն կկազմի՝ բուհին բարելավման ուղղությամբ խորհրդատվություններ մատուցելով:
Փորձագիտական խմբում ընդգրկված են մեկական տեղացի և միջազգային փորձագետներ և մեկ ուսանող-փորձագետ: Գործընթացը համակարգում են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN) մասնագետները:
Ծրագրի շրջանակներում փորձագիտական այցեր տեղի կունենան նաև Հյուսիսային, Վանաձորի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարաններ և ՀՀ Պետական կառավարման ակադեմիա: