Հունվարի 30-31-ը Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը մասնակցեցին Թուրինում իրականացվող Եվրոպական ուսուցման հիմնադրամի տարեկան երկօրյա հանդիպումներին։
Այցի ընթացքում Որակի ապահովման գործընկեր կառույցները ներկայացրին իրենց երկրների ՈԱ գործընթացների զարգացումները և մարտահրավերները, կիսվեցին լավագույն փորձով, քննարկեցին ընթացիկ տարվա առաջիկա գործընթացները։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց ՀՀ ՄԿՈՒ համակարգում իրականացվող Որակի ապահովման գործընթացները, ոլորտի հիմնական մարտահրավերները և ՈԱԱԿ-ի կողմից առաջարկվող լուծումները։
ՈԱԱԿ նախաձեռնությամբ և Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ ՄԿՈՒ որակի ապահովման ֆորումի շրջանակներում 2024 թ․ կգնահատվի ՀՀ ՄԿՈՒ համակարգը։ Ֆորումի կողմից իրականացվող գործընկերային գնահատման նպատակն է աջակցել անդամ երկրներին միջազգային համագործակցության միջոցով արդիականացնել և բարելավել ՄԿՈՒ համակարգի որակի ապահովման գործընթացները:
2024թ․ առաջին կիսամյակում Ֆորումի անդամ կառույցների ներկայացուցիչները գործընկերային գնահատման այց կիրականացնեն ՀՀ, կհանդիպեն ՄԿՈՒ ոլորտի քաղաքականություն մշակող գերատեսչությունների, գործատուների, ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչների հետ։ Գնահատման ընթացքում քննարկումներ տեղի կունենան նաև ՄԿՈՒ հաստատություններում։
Այցի ավարտին գործընկերները կներկայացնեն խորհրդատվություններ, առաջարկություններ և բարելավումների ուղղություններ համակարգի շարունակական զարգացման ու իրականացվող գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով։