20 մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում են ներկայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու նպատակով։
Հավատարմագրման դիմած ուսումնական հաստատություններից երեքը քոլեջներ են։ 17 բուհերից 8-ը վերահավատարմագրվում են․ նրանց առաջին հավատարմագրման ժամկետը մոտենում է ավարտին, իսկ 9 բուհեր առաջին անգամ են ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում։
Նշենք, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամանակ փորձագիտական խումբն արտաքին գնահատում է իրականացնելու 10 չափանիշներով՝ առաքելություն, կառավարման համակարգ, ՄԿԾ-ներ, ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմ, հետազոտություն, ռեսուրսներ, հասարակական պատասխանատվություն, միջազգայնացում, որակի ապահովման ներքին համակարգ։
Երկրորդ անգամ հավատարմագրվող բուհերի պարագայում փորձագիտական խումբը նաև ուսումնասիրելու է, թե բուհը որքանով է իրագործել բարելավման ծրագիրը և ինչպես է իրականացրել ստանձնած պարտավորությունները։
Հավատարմագրում իրականացնող փորձագիտական խմբերում ընդգրկված են տեղացի և միջազգային փորձագետներ, ինչպես նաև մեկ ուսանող-փորձագետ յուրաքանչյուր խմբում։
Հավատարմագրման մասին որոշումը կայացնում է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, ինչպես նաև ՄՈՒՀ-ի ինքնավերլուծության և փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունների վերացման ծրագրի վրա։ Հավատարմագրումը շնորհվում է 2, 4 կամ 6 տարի ժամկետով, իսկ պահանջվող չափանիշները չբավարարելու դեպքում մերժվում է։
Հավատարմագրված բուհերի մասին ողջ ինֆորմացիան հասանելի է Հավատարմագրման պետական գրանցամատյանում։