Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուկյան» դահլիճում տեղի կունենա «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով համաժողով: Կազմակերպիչը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) է:
ՄԿՈՒ շահակիցների համաժողովի նպատակն է քննարկման առարկա դարձնել , թե ինչպես կարող է կրթական համակարգը նպաստել տնտեսական աճին, ինչպես նաև նպաստել գործատուների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև երկխոսությանը և համագործակցության հնարավորությունների ստեղծմանը:
Համաժողովի ընթացքում զեկույց կներկայացվի «Նորարարություն, ձեռնարկատիրություն և ՄԿՈՒ համակարգ․ ինչպես մասնակից դառնալ տնտեսական աճին» թեմայով, որի շրջանակներում կներկայացվի առկա վիճակագրությունը, կմատնանշվեն առկա խնդիրները:
Տեղի կունենա քննարկում «Տնտեսական զարգացում՝ համահնչեցնել ՄԿՈՒ կրթական ծրագրերը արդյունաբերության կարիքներին» թեմայով: Այս պանելային քննարկման առանցքում կլինի այն, թե ինչպես ՄԿՈՒ հաստատությունները կարող են համապատասխանեցնել իրենց ուսումնական ծրագրերը արդյունաբերության զարգացող կարիքների հետ՝ ապահովելու հմուտ աշխատուժ, որն ուղղակիորեն նպաստում է տնտեսական աճին:
Երկրորդ պանելային քննարկման թեման է «Կարող աշխատուժի ձևավորումը տալիս է տնտեսական զարգացման շոշափելի արդյունք․ ՄԿՈՒ հաջողված փորձի ներկայացում»: Բանախոսները կքննարկեն, թե ինչպես են ՄԿՈՒ-ում ներդրումները վերածվում չափելի տնտեսական արդյունքների՝ ներառյալ արտադրողականության բարձրացումը, գործազրկության կրճատումը և ՀՆԱ-ի բարձրացումը: