Դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը:
Նպատակն է ներկայացնել և քննարկել անցումային շրջանում իրականացված ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների փորձը և ընդհանրացված արդյունքները, Հավատարմագրման հանձնաժողովի կողմից որոշումների կայացման մոտեցումը, հավատարմագրման գործընթացների արդյունքում վերհանված միջազգայնացման և հետազոտության իրականացման խնդիրները, ինչպես նաև անցումը ծրագրային հավատարմագրման գործընթացին:
Նշված հարցերին կանդրադառնան հավատարմագրման գործընթացին մասնակից տեղացի և միջազգային փորձագետները, Հավատարմագրման հանձնաժողովի անդամները, ՈԱԱԿ-ի աշխատակիցները, դասախոսներն ու ուսանողները:
Մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամ Աշոտ Սաղյանը:
Համաժողովի առաջին օրը նվիրված կլինի ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացքում բացահայտված խնդիրներին և լուծման ուղիներին: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկույց կներկայացնի «Որակի ապահովումը որպես փոփոխությունների կառավարում» թեմայով:
Կքննարկվեն որակի ապահովման գործընթացների ազդեցությունը կրթական համակարգի վրա, արդյունքներն ու ակնկալիքները: Անդրադարձ կկատարվի նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների իրականացմանը, կներկայացվի ինստիտուցիոնալ հավատարմագրման Ամերիկյան համալսարանի փորձը, ինչպես նաև գիտական հետազոտության, միջազգայնացման, ՄՈՒՀ-երի և կրթական ծրագրերի արդյունավետ կառավարման հաջողված փորձերը:
Ապա համաժողովը կշարունակվի աշխատաժողովների տեսքով, որտեղ միջազգային ու հայաստանյան հեղինակավոր փորձագետները կներկայացնեն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում ինքնավերլուծության արդյունավետ իրականացման մեխանիզմները և փորձագիտական աշխատանքի մեթոդաբանության հիմնախնդիրները:
Համաժողովի երկրորդ օրը կքննարկվեն ծրագրային հավատարմագրման մոտեցումներն ու խնդիրները, կներկայացվի ծրագրային հավատարմագրման ՈԱԱԿ-ի փորձը, ծրագրային հավատարմագրման կազմակերպման առանձնահատկությունները, ինստիտուցիոնալ որակի ապահովումը կրթական ծրագրի վերլուծության միջոցով, ինչպես նաև ծրագրային հավատարմագրման ֆինանսական քաղաքականությունը:
Այնուհետև արտասահմանյան փորձագետները կներկայացնեն ծրագրային հավատարմագրման գործընթացքում ինքնավերլուծության արդյունավետ իրականացման միջազգային փորձը: