Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) ուսանողներին բացառիկ հնարավորություն է տալիս բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, իրավասու կողմերի հետ քննարկել դրանք և գտնել լուծման ուղիներ:
Փետրվարի 20-24-ը ՈԱԱԿ նախաձեռնությամբ հայտարարված է կրթության որակի շաբաթ:
Որակի շաբաթը կմեկնարկի ուսանողներին նվիրված աշխատաժողովով: Միջոցառմանը կմասնակցեն ուսանողներ, դասախոսներ, որակի ապահովման պատասխանատուներ, կրթության կառավարիչներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Աշխատաժողովը կդառնա քննարկման հարթակ՝ բարձրաձայնված խնդիրների էությունը հասկանալու և լուծման ընդունելի և արդյունավետ ուղիներ որոնելու համար:
Տարբեր բուհերի ուսանողների հետ քննարկումների արդյունքում աշխատաժողովի համար առանձնացվել են հետևյալ թեմաները.
- բուհական ռեսուրսների հասանելիությունը բոլոր ուսանողներին՝ անկախ ուսումնական հաստատությունից,
- աշխատաշուկայի պահանջները և բուհական կրթության համապատասխանությունը դրանց,
- մագիստրոսական կրթության բացերը. մագիստրոսը որպես հետազոտող մասնագետ և աշխատուժ,
- բուհական կրթություն. ինչի՞ համար է վճարում ուսանողը:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է մինչև փետրվարի 10-ը գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/JiEJfi :
Մինչ աշխատաժողովը տեղի կունենա մասնակից ուսանողների նախնական հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն միջոցառման հիմնական շեշտադրումները, ձևաչափը, ինչպես նաև հնարավոր այլ խնդիրները, որոնք ցանկալի է բարձրաձայնել:
Նախնական հանդիպման օրվա և ժամի մասին լրացուցիչ կհաղորդվի գրանցված մասնակիցներին: