Հոկտեմբերի 8-ին և 9-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կկայանա «Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» խորագրով շահակիցների երկրորդ համաժողովը: Միջոցառման կազմակերպիչն է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ)` Կրթության և գիտության նախարարության, Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության, Համաշխարհային Բանկի և Ծրագրերի իրականացման գրասենյակի մասնակցությամբ:
Միջոցառումն իրականացվում է «Կրթության որակի շաբաթ»-ի շրջանակներում:
Համաժողովի հիմնական նպատակներից է` խթանել որակի ապահովման վերաբերյալ երկխոսությունը ՈԱԱԿ-ի շահակիցների շրջանում, տարածել տեղեկատվություն ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում որակի ներքին և արտաքին ապահովման վերաբերյալ, ինչպես նաև քննարկել ապագայի մարտահրավերները և բացահայտել ՀՀ-ում կրթության որակի ապահովման բարելավման նոր հնարավորությունները:
Միջոցառումը կհամախմբի ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարների, որակի ապահովման փորձագետների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, որակի ապահովման գործընթացներում ներգրավված անձանց, ուսանողների և մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտի այլ
շահակիցների:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Նիդեռլանդների և Ֆլանդրայի հավատարմագրման գործակալության խորհրդի նախագահ Կառլ Դիտրիխը, Դելֆի տեխնոլոգիայի համալսարանի պրոռեկտոր Պ. Ռուլմանը, Հավատարմագրման եվրոպական կոնսորցիումի նախագահ Ռոլֆ Հոյսերը, Միջազգային բիզնեսի կառավարման հավատարմագրման հիմնադրամի ներկայացուցիչ Հեինց-Ուլրիխը կներկայացնեն մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովման և հավատարմագրման գործընթացների հիմնախնդիրներն ու համաշխարհային միտումները՝ անդրադառնալով նաև ՀՀ կրթական համակարգում տեղի ունեցող արմատական փոփոխություններին:
Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան նաև մասնագիտական կրթության ոլորտի այլ շահակիցներ` Հայաստանից և Եվրոպայից: Զեկուցումներ կունեն Հավատարմագրման գործընթացում ներգրավված համակարգողները, փորձագետները և ուսանողները, ովքեր կներկայացնեն իրենց մոտեցումները և փորձը իրականացվող գործընթացների վերաբերյալ:
«Կրթության որակի շաբաթ»-ի շրջանակներում կիրականացվեն վերապատրաստումներ Որակի արտաքին ապահովման` հավատարմագրման, գործընթացներում ներգրավված փորձագետների, ինչպես նաև դասախոսական կազմի, վարչական աշխատակազմի և ուսանողների հետ:
Նշենք, որ «Մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) ստեղծվել է 2008 թ-ին` մասնագիտական կրթական համակարգի ակտիվ բարեփոխումների փուլում, և ստանձնել լուրջ պատասխանատվություն` խթանելու ուսումնական հաստատություններում որակի ապահովման գործընթացները: ՈԱԱԿ-ի նպատակն է` ստեղծել որակի ապահովման մշակույթ, որը բխում է կրթության որակով մտահոգ հասարակության բոլոր շերտերի և շահակիցների պահանջներից: