Փորձագետի աշխատանքի առանձնահատկությունների մասին ենք զրուցել ՈԱԱԿ փորձագետ, ներկայում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աննա Երզինկյանի հետ (հարցազրույցը տեղի է ունեցել մինչ տիկին Երզինկյանի`հավատարմագրման հանձնաժողովի անդամ նշանակվելը):
-Տիկին Երզինկյան, ի՞նչ է նշանակում լինել փորձագետ, և ինչո՞ւ լինել փորձագետ:
-Կրթության փորձագետը մասնագետ է, որը ծանոթ է ոլորտի առանձնահատկություններին և կարող է իր փորձը և հմտություններն օգտագործել ի նպաստ կրթական հաստատության, ուր նա գալիս է որպես փորձագետ: Ըստ իս` փորձագետն աշխատում է խորանալ այն խնդիրների մեջ, որոնք առկա են` ուսումնասիրելով կոնկրետ ոլորտներ, կոնկրետ ուղղություններ, և ձգտում է իր կենսափորձով ուղղորդել, բացատրել և օգնել ուսումնական հաստատությանը, որպեսզի որոշ հարցեր ավելի ճշգրիտ լուծում ստանան:
Փորձագետների ինստիտուտը շատ լավ երևույթ է: Հաճախ հաստատության ներսում աշխատող մարդիկ որոշ խնդիրներ չեն տեսնում, քանի որ սովորում են այդ ամենին, և պետք է նոր աչք, որ բացահայտի այն, ինչ անհրաժեշտ է տվյալ բուհին:
-Ձեր կարծիքով ի՞նչ հատկանիշներ են պետք լավ փորձագետ լինելու համար:
-Նա պետք է լավ հասկանա և իմանա կրթության ոլորտի բոլոր առանձնահատկությունները, այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ այդ ոլորտում: Պետք է անպայման հանդուրժողական լինի և կարողանա մարդկանց հետ ճիշտ շփում կառուցել: Իհարկե, պետք է ունենա լսելու, վերլուծելու և եզրակացություններ անելու ունակություն: Մատչելի և տրամաբանված բանավոր խոսքի առկայությունը ևս կարևոր է:
-Մասնագետը, որն ունի անհրաժեշտ հմտություններ, ինչո՞ւ պետք է ցանկություն հայտնի դառնալ փորձագետ: Ո՞րն է փորձագետ դառնալու մոտիվացիան կամ դրդապատճառը:
-Ինձ համար փորձագետ լինելը նաև սովորելու հնարավորություն է: Փորձագետի աշխատանքը փոխադարձություն է ենթադրում. տարբեր հաստատություններ ներկայացնող և աշխատանքային փորձ ունեցող խմբի կազմում աշխատանքի պարագայում մասնագետը ոչ միայն տալիս է, այլ նաև նոր փորձ է ձեռք բերում:
Իսկ իմ մոտիվացիան հետևյալն է` եթե կարող եմ ինչ-որ բանով օգտակար լինել, ապա պետք է անեմ: Նաև ինձ համար հետաքրքիր է փորձագետի աշխատանքը, քանի որ այն հնարավորություն է տալիս հանդիպել ոլորտի մարդկանց և անմիջապես առնչվել կարևոր խնդիրների հետ:
-Երբեմն կարծիք է հնչում, թե փորձագետ լինելը ստուգողի աշխատանք է: Այդ կոնտեքստը կա՞ այս աշխատանքում:
-Ոչ: Ես կարծում եմ, որ դա շատ սխալ մոտեցում է: Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ ոչ իմ, ոչ գործընկերներիս մոտ երբևէ նման տրամադրվածություն կամ մոտեցում չի եղել:
Կարելի է օգնել, աջակցել, օգտակար լինել` չվնասելով: Ինձ թվում է, եթե լինես ազնիվ, բարեխիղճ, բարյացկամ, բայց խիստ, դիմացինը երբեք չի մտածի, որ ուզում ես ինչ որ բանով վնասել: Փորձագետ լինելն իրականում հեշտ չէ, բայց կարևոր ու պատասխանատու է:
-Յուրաքանչյուր աշխատանք ունի իր դրական և բացասական կողմերը: Ըստ Ձեզ` փորձագետի աշխատանքն ի՞նչ դրական և բացասական կողմեր ունի:
- Ինձ համար դրականն այն է , որ դու կարող ես օգտակար լինել, իսկ բացասականն այն է , որ կարող է քեզ չընկալեն այնպես, ինչպիսին ես իրականում: Ինձ թվում է` հենց փորձագետի խնդիրն է փոխշփման այնպիսի եզրեր գտնել, որ բացասական կողմը չլինի:
-Իսկ փորձագետ լինելը ինչ-որ կերպ ազդե՞լ է Ձեր ու գործընկերների հարաբերությունների վրա ՝ դրական կամ բացասական առումով:
-Ոչ, բոլորովին: Մի բան կարող եմ ասել` ամեն անգամ, երբ ես մասնակցել եմ ինչ-որ փորձագիտական գործընթացի, հետո վերադարձել եմ բուհ, ես հասկացել եմ, որ կան բաներ, որն ես գուցե առաջ այլ կերպ էի ընկալում, գիտակցել եմ, թե ինչը և ինչպես կարելի է շտկել` դարձնելով ավելի լավը:
-Փորձագետ լինելը Ձեզ անձամբ ի՞նչ է տվել: Դուք մի փոքր խոսեցիք այդ մասին, գուցե ավելացնելու բան ունեք:
- Ինձ համար շատ կարևոր է լսելու ունակությունը և դրա շնորհիվ եզրակացություններ անելը և լուծումներ գտնելը: Փորձագիտական աշխատանքը, վստահորեն կարող եմ ասել, զարգացրեց իմ այդ ունակությունը:
Այս աշխատանքը մասնագետների լայն շրջանակների հետ շփման հնարավորություն է տալիս: Արդյունքում սկսում ես նկատել, որ ինչ-որ բաների այլ տեսանկյունից ես նայում, որոշ բաներ այլ կերպ ես ընկալում, քան առաջ:
Ամեն մի փորձագիտական այցի, ամեն շփման կամ թրեյնինգի արդյունքում շատ հարցերի պատասխաններ ես գտնում: Արդյունքում ոչ միայն որպես փորձագետ, այլ նաև որպես մասնագետ դառնում ես ավելի փորձառու ու բանիմաց:
-Դուք նաև Ռուսաստանում աշխատելու փորձ ունեք, ինչի համար նաև շնորհակալագրի եք արժանացել: Պատմեք մի փոքր ռուսաստանյան փորձի մասին:
-Ես որպես ՈԱԱԿ-ի փորձագետ մասնակցել եմ Արվեստների Հյուսիսկովկասյան պետական ինստիտուտի երկու կրթական ծրագրերի հավատարմագրմանը: Ես փորձագիտական խմբի ղեկավարն էի: Խմբում կային նաև մասնագետներ Ղազախստանից և Ռուսաստանից: Գիտեք, շատ հետաքրքիր էր ծանոթանալ գործընկերներիս մոտեցումներին, նաև այդ ուսումնական հաստատության գործունեությանը ներսից, քննարկել այն ներքին և արտաքին շահակիցների հետ:
Ասեմ, որ հավատարմագրման իրենց չափանիշներն ու չափորոշիչները տարբերվում են: Եվ հետաքրքիր էր տեսնել այլ չափանիշներով աշխատանքը և համեմատել այն մեր գործընթացների հետ:
Փորձագետին ներկայացվող մասնագիտական պահանջների և փորձագետ դառնալու գործընթացի մասին կարող եք տեղեկանալ կայքի «Փորձագետներ» բաժնում: