Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկումներ է իրականացնում մասնագիտական ուսումնական հաստատություններում` դիտարկելով որակի ապահովման համակարգի գործունեությունը։
Ի՞նչ է իրենից ներկայացնում մշտադիտարկումը, ինչո՞վ է այն կարևոր և ի՞նչ է շահում ՄՈՒՀ-ը գործընթացից․ այս և այլ հաճախ հնչող հարցերին պատասխանում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
-Ի՞նչ է իրենից ենթադրում մշտադիտարկումը։ Ո՞րն է գործընթացի նպատակը։
-Մշտադիտարկման նպատակը ՄՈՒՀ-ի որակի ապահովման համակարգի ընթացիկ ուսումնասիրությունը և որակի շարունակական բարելավման մշակույթի ներդրումն է։
Այդ նպատակով ՈԱԱԿ-ը պարբերաբար իրականացնում է մշտադիտարկումներ հավատարմագրված և դեռևս հավատարմագրման գործընթաց չանցած ՄՈՒՀ-երում՝ դիտարկելով թերությունների վերացման ծրագրի առաջընթացը և որակի ներքին ապահովման համակարգի առկա վիճակը:
Չհավատարմագրված ուսումնական հաստատություններում իրականացնում ենք որակի ապահովման գործընթացների ուսումնասիրություն, որակի ապահովման համակարգի մասին տեղեկատվություն ենք հավաքագրում և վերլուծում։
Հավատարմագրված ՄՈՒՀ-երի դեպքում արդեն դիտարկում ենք հավատարմագրման ազդեցությունը որակի ապահովման համակարգի վրա, հավատարմագրումից ի վեր արձանագրված առաջընթացը և բարելավման պլանի իրագործման ընթացքը։ Նշեմ, որ մշտադիտարկումից առաջ ՄՈՒՀ-ը լրացնում է ինստիտուցիոնալ տվյալների էլեկտրոնային հարցաշարը,որտեղ ներկայացված տվյալներն օգնում են ՈԱԱԿ մասնագետներին և փորձագետին որոշակի պատկերացում կազմել բուհում ընթացող գործընթացների և առկա ցուցանիշների մասին դեռ մինչև մշտադիտարկումը։
Բոլոր դեպքերում ուշադրության առանցքում որակի ապահովման համակարգն է, որի համատեքստում դիտարկում ենք ՄՈՒՀ-ի գործունեությունը մի շարք տիրույթներում, այդ թվում և կառավարման համակարգը, կրթական ծրագրերը, որակավորումների շնորհման արժանահավատությունը։ Նշեմ, որ նախորդ տարի, պայմանավորված ստեղծված նոր իրավիճակով, մեր ուշադրության կենտրոնում է եղել նաև առցանց կրթությունը և դրա որակի ապահովումը։
Ինչպես արդեն նշեցի, ՈԱԱԿ-ը դիտարկում է նաև մասնագիտության կրթական ծրագրերը, դրանց որակի ապահովումը։ Իսկ այս տարվանից ՄԿԾ-ների մշտադիտարկումը կլաստերային սկզբունքով կիրականացվի։ Այսպիսով հնարավորություններ կստեղծվեն կլաստերի մակարդակով խնդիրները և լավագույն փորձը դուրս բերելու, ինչպես նաև ոլորտային փորձագետների բազայի համալրման համար։
-Ինչպե՞ս է տեղի ունենում մշտադիտարկումը։
- Մշտադիտարկումը շատ նման է հավատարմագրման գործընթացին, սակայն ընդգրկումն է փոքր։ Ուսումնական հաստատության հետ այցի մասին պայմանավորվածություն ենք ձեռք բերում, հստակեցվում է օրը, մշակվում է այցի օրակարգը։ Այցի ընթացքում տեղի են ունենում հանդիպումներ ներքին շահակիցների հետ։ Նշեմ, որ մշտադիտարկումն իրականացնում են ՈԱԱԿ մասնագետները, անհրաժեշտության դեպքում խմբում ընդգրկվում է նաև փորձագետ։
Այցի ավարտին հանդիպում է տեղի ունենում ՄՈՒՀ-ի ղեկավարության հետ, որին ներկայացվում է, թե ինչ խոշոր խնդիրներ ունի ուսումնական հաստատությունը, բարելավման տեսանկյունից ինչ առաջնահերթ քայլերի անհրաժեշտություն կա։ Հավատարմագրված ուսումնական հաստատությունների պարագայում ներկայացվում է, թե ինչ հնարավոր խնդիրներ և շեղումներ կան բարելավման պլանի իրականացման գործում, նաև ընդգծում ենք ՄՈՒՀ-ի լավագույն փորձը, ուղենշում դրա տարածման մեխանիզմները։
-Ինչո՞վ է մշտադիտարկումը կարևոր և ՈԱԱԿ-ի տեսանկյունից, և ՄՈՒՀ-ի տեսանկյունից։
-Մշտադիտարկումը գործընկերային համագործակցություն է ՈԱԱԿ-ի և ՄՈՒՀ-ի միջև, որը շահավետ է երկու կողմին էլ, և խթանում է որակի ապահովման գործընթացները։
Մեզ համար մշտադիտարկումը տվյալների հավաքագրման և համակարգի մասին ամբողջական տեղեկություններ ձեռք բերելու գործիք է։ Նպատակը համակարգի խնդիրները բացահայտելը և լուծման հնարավոր ուղիներ մատնանշելն է, ինչպես նաև լավագույն փորձի բացահայտումը և տարածումը։ Խնդիրները դուրս են բերվում նաև ըստ ոլորտների, օրինակ՝ բժշկակություն, ինժեներիա և այլն։ Այդ տվյալները կարող են ծառայել ոլորտային որակավորումների շրջանակի մշակմանը և բարելավմանը։
Այս ամենը կնպաստի, որ ՈԱԱԿ-ի նախաձեռնությունները և ծրագրերը լինեն թիրախային և առավելագույնս բխեն շահակիցների կարիքներից։
ՄՈՒՀ-ի տեսանկյունից ևս մշտադիտարկումը չափազանց կարևոր է։ Նախ՝ սա հնարավորություն է անկախ մասնագիտական կարծիք ստանալ ծավալվող գործընթացների վերաբերյալ և բարելավման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Հավատարմագրված ՄՈՒՀ-երի պարագայում մշտադիտարկումը հնարավորություն է տալիս վաղաժամ բացահայտել բարելավման ծրագրի իրականացման բացերը և շտկման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել։
Իսկ արդեն հավատարմագրման պատրաստվող ուսումնական հաստատությունների համար սա կարող է ծառայել որպես փորձնական այց, որը կօգնի ժամանակին հասկանալ հնարավոր խնդիրները և առավել պատրաստված ներկայանալ հավատարմագրման։ Այս մոտեցումը հատկապես օգտակար է առաջին անգամ հավատարմագրվող ուսումնական հաստատությունների համար։
Շահակիցներից ստացած հետադարձ կապը ևս վկայում է, որ այս գործընթացները շատ օգտակար են՝ խրախուսում են ներքին քննարկումները և ապահովում են արտաքին ակնողմնակալ, բայց գործընկերային կարծիք՝ օգնելով հասկանալ իրենց խնդիրները և լավագույնս պատրաստվել հավատարմագրմանը։
-Կարո՞ղ է ՄՈՒՀ-ը դիմել ՈԱԱԿ՝ մշտադիտարկման համար։
-Մշտադիտարկումներն իրականացվում են ըստ ՈԱԱԿ-ի ոչ ֆինանսական գործունեության շրջանակներում կազմված տարեկան պլանի։ Բայց, իհարկե, ՄՈՒՀ-ը ևս կարող է նախաձեռնել նման գործընթաց։ Դա միայն ողջունելի է։ ՈԱԱԿ-ը բաց է համագործակցության համար։