ՈԱԱԿ-ը վերջերս մշտադիտարկում իրականացրեց 5 քոլեջներում, որոնք առաջիկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնելու։ Յուրքանչյուր քոլեջից երկուական աշխատակից վերապատրաստվել էր որպես փորձագետ՝ մասնակցելով իրենց իսկ ուսումնական հաստատության մշտադիտարկմանը։
Մշտադիտարկման արդյունքում ձեռք բերված փորձի մասին է պատմում Ինֆորմատիկայի պետական քոլեջի դասախոս Լիլիթ Համբարձումյանը։
-Ի՞նչ է տվել Ձեզ որպես փորձագետ մասնակցությունը Ձեր իսկ քոլեջի մշտադիտարկմանը։
-Մշտադիտարկման ընթացքում լսելով քոլեջի տնօրենին, փոխտնօրենին, պրակտիկայի, կարիերայի և որակի ապահովման պատասխանտուներին, ամբիոնների վարիչներին, դասախոսներին, ուսանողներին, գործատուներին՝ ևս մեկ անգամ համոզվեցի, որ քոլեջի առաքելությանը կարելի է հասնել միմիայն միասնական ուժերով: Յուրաքանչյուր շահակից իր կարևոր դերն ունի ուսումնական հաստատության առաքելության իրականացման գործում։
-Ի՞նչ առանձնահատկություններ ունի փորձագետի աշխատանքը։ Ո՞վ է փորձագետը Ձեր կարծիքով։
-Փորձագետի աշխատանքը և՛ հետաքրքրիր, և՛ պատասխանատու, և՛ օգտակար է: Նա, իմ ձևակերպմամբ, ոլորտի փորձված մասնագետ է, որն օգնում է դուրս բերել քոլեջում առկա խնդիրները, հստակեցնել լուծման ուղիները և բարելավման ծրագրի իրականացման համար օպտիմալ ժամանակահատված սահմանել: Ավելին, փորձագետը, որպես արտաքին գնահատող, մատնանշում է, թե ինչպես ՄՈՒՀ-ի թույլ կողմը դարձնել ուժեղ կողմ։
-Ի՞նչ է տեսնում արտաքին գնահատողը, որը տեսանելի չէ ներսի մարդուն։ Արդյո՞ք մշտադիտարկումն օգտակար է ուսումնական հաստատության համար։
-Քոլեջում դասավանդում եմ սրտացավորեն, պահանջվող աշխատանքները կատարում եմ բարեխիղճ, սակայն արտաքին գնահատումը քոլեջում ցույց տվեց մի շարք ուղղություններ, որոնցով ես երբևէ չեմ հետքրքրվել: Մինչդեռ դրանց տիրապետելու պարագայում աշխատանքս շատ ավելի արդյունավետ կլինի։
Կարծում եմ՝ մշտադիտարկումն օգտակար է ուսումնական հաստատության համար, այն թույլ է տալիս ուրիշի աչքով տեսնել առաջացած խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Սակայն, կարծում եմ, որ մեկ օրվա մշտադիտարկումը և քննարկումները բավարար չեն ամբողջական պատկեր ստանալու համար, ես դա ասում եմ որպես քոլեջի աշխատակից։
-Ի՞նչ խորհուրդ կտաք քոլեջներին, որոնք նոր միայն պետք է քայլեր ձեռնարկեն հավատարմագրմանը նախապատրաստվելու ուղղությամբ։
-Խորհուրդ կտամ սկսել նախապատրաստվել հենց այս պահից՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են պլանավորում դիմել հավատարմագրման։ Լավ կլինի, որ հավատարմագրման նախապատրաստվող քոլեջի աշխատակիցները որակի ապահովման թեմայով վերապատրաստումներ անցնեն, ինչպես նաև հնարավորինս շատ մասնագիտական նյութեր կարդան, ուսումնասիրեն որակի ապահովման չափանիշներն ու չափորոշիչները, հավատարմագրման ընթացակարգը։
Կարևոր է, որ վերապատրաստման ուղարկելուց հաշվի առնվի նրանց գրավոր և բանավոր հաղորդակցվելու ունակությունը, հանդիպումներ, ֆոկուս խմբային քննարկումներ վարելու, մեծ քանակությամբ տեղեկատվություն վերլուծելու կարողությունը, ինչպես նաև անձնային այնպիսի հատկությունները, որոնք թույլ կտան ապահովել անկողմնակալ և օբյեկտիվ գնահատում:
Բացի այդ, կարևոր է քոլեջի գործունեության, արձանագրված արդյունքների մասին ամբողջական տվյալներ, վերլուծություններ ունենալը, որպեսզի SWOT վերլուծության, ապա նաև ինքնավերլուծության փուլում ինֆորմացիայի պակաս չառաջանա։
Մյուս խորհուրդս է՝ մշտապես կապի մեջ լինել ՈԱԱԿ-ի մասնագետների հետ, մասնակից լինել ՈԱԱԿ-ում կազմակերպվող թեմատիկ քննարկումներին՝ առավելագույնս տեղեկացված լինելու համար։