Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի Որակի ներքին ապահովման կենտրոնի ղեկավար Լիլիթ Աբելյանը պատմում է, թե ինչ դժվարությունների են հանդիպել ինքնավերլուծություն իրականացնելիս: Նա իրենց ՄՈՒՀ-ի փորձն է փոխանցում այն ուսումնական հաստատություններին, որոնք դեռ նոր պետք է սկսեն ինստիտուցիոնալ ինքնավերլուծությունը։
-Կներկայացնե՞ք՝ ինչ խնդիրների եք դեմ առել ինքնավերլուծության ընթացքում։ Ի՞նչպես եք լուծել ի հայտ եկած խնդիրները։
-Նախ՝ ըստ հավատարմագրման չափանիշների տիրույթների SWOT վերլուծություն իրականացրեցինք, դրա հիման վրա ՈԱԱԿ-ը քոլեջում մշտադիտարկում իրականացրեց։ Այդ մշտադիտարկման արդյունքների ամփոփումից հետո ըստ անհրաժեշտության վերանայեցինք աշխատանքային թիմի կազմը և սկսեցինք ինքնավերլուծության աշխատանքները։
Ինքնավերլուծության իրականացման ընթացքում հիմնական խնդիրը եղել է ինքնավերլուծությունն իրականացնող թիմի՝ իրանց կողմից վերլուծվող չափանիշներով պահանջվող տեղեկատվության, փաստերի և իրազեկվածության պակասը:
Առաջացող խնդիրները լուծվում են պարբերական քննարկումների, թիմային աշխատանքի միջոցով: Յուրաքանչյուր չափանիշի վերլուծության ընթացքում տվյալ չափանիշի պատասխանատուները պարբերաբար զրույցներ և քննարկումներ են ունենում քոլեջի աշխատակազմի հետ՝ իրենց անհրաժեշտ փաստերի հավաքագրման, դրանց համակարգման և վերլուծության համար։ Վերլուծական աշխատանքներն ավարտելուց հետո անցկացվում է քննարկում ինքնավերլուծությունն իրականացնող աշխատանքային ամբողջ թիմի մասնակցությամբ՝ համապատասխան դիտարկումների, նկատառումների և անհրաժեշտ շտկումների կատարման նպատակով։
Հաճախակի անցկացվող քննարկումներն ունեն ևս մեկ կարևոր ու դրական կողմ մեզ համար․ հնարավորություն են տալիս տարբեր չափանիշների վերլուծություններում առկա հակասությունները վերհանել և շտկել։
Կարևոր եմ համարում նշել, որ ինքնավերլուծության աշխատանքներին բավական արդյունավետ աջակցում են մեր փորձագետները, ովքեր նախապես վերապատրաստվել են ՈԱԱԿ-ի կողմից։ Ունենք նաև աշխատակից, ով որպես փորձագետ մասնակցել է այլ քոլեջի հավատարմագրման գործընթացի։
-Հավատարմագրման չափանիշներից ո՞րը կամ որո՞նք են բարդ քոլեջի համար։ Ինչո՞ւ։
-Չափանիշներից համեմատաբար բարդ եղել է 3-րդ չափանիշի՝ մասնագիտության կրթական ծրագրերի վերլուծությունը։ Սա այն չափանիշն է, որի համար հարկավոր է բավականին խորքային հետազոտություն, ուսումնասիրություն։ Չափանիշն արդյունավետ վերլուծելու համար վերլուծողները քննարկումներ են ունենում ուսումնական մասի, ամբիոնների վարիչների և դասախոսական ամբողջ կազմի հետ, ինչը նաև ավելի ժամանակատար և պատասխանատու գործընթաց է։
-Երկրորդ անգամ ինքնավերլուծություն գրելիս ի՞նչն է, որ այլ կերպ կանեք (այդ թվում և ինքնավերլուծությանը նախապատրաստվելու փուլում)։
- Երկրորդ անգամ ինքնավերլուծությանը նախապատրաստվելիս ողջ թիմին նախապես կիրազեկեի քոլեջի բոլոր ստորաբաժանումների կանոնակարգերին, առկա ընթացակարգերին և ողջ աշխատակազմի գործառույթներին: Այսպես չափանիշների վերլուծությունները, վերհանված ուժեղ և թույլ կողմերը կդառնան առավել հիմնավոր։
-Ի՞նչ խորհուրդ կտաք քոլեջներին, որոնք նախապատրաստվում են հավատարմագրմանը։
-Հավատարմագրմանը նախապատրաստվող քոլեջներին խորհուրդ կտամ նախ տեղեկանալ հավատարմագրման ողջ գործընթացին, հստակեցնել հավատարմագրման չափանիշների պահանջները և արդեն իսկ սկսել աշխատանքները յուրաքանյուր չափանիշով անհրաժեշտ ողջ տեղեկատվության, փաստերի հավաքագրման և վերլուծության ուղղությամբ, իհարկե, շեշտը դնելով իրենց ՄՈՒՀ-ի յուրահատկությունների և առավելությունների վերհանման, փաստացի օրինակների վրա։
Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացման գործընթացը հաջողությամբ կպսակվի ՄՈՒՀ-ի ողջ անձնակազմի արդյունավետ համագործակցության, միմյանց աջակցելու և մշտական քննարկումների արդյունքում։ Իհարկե, նաև կարևոր է աշխատակազմում ՈԱԱԿ-ում վերապատրասված փորձագետներ, որակի ապահովման մասնագետներ ունենալը, որոնք կնպաստեն աշխատանքների համակարգված, արդյունավետ ընթացքին։