Ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում անթերագնահատելի է փորձագետների աշխատանքը. նրանք ուսումնասիրում են ՄՈՒՀ-ի ինքնավերլուծությունը, այց կատարում ուսումնական հաստատություն, կազմում փորձագիտական վերլուծություն`մատնանշելով բուհի ուժեղ ու թույլ կողմերը, խորհրդատվություն մատուցում`գործունեությունն առավել բարելավելու ուղղությամբ: Տարբեր ուսումնական հաստատություններում փորձագետների առկայությունը մեր կրթական համակարգում որակի մշակույթի կայացման գրավականն է: Կարևորելով փորձագետի աշխատանքը`այս քիչ լուսաբանված, բայց չափազանց կարևոր աշխատանքը առաջիկայում կփորձենք ներկայացնել հենց նրանց`կրթության ոլորտի փորձագետների աչքերով:
Փորձագետի աշխատանքի առանձնահատկությունների մասին ենք զրուցել ՈԱԱԿ փորձագետ, ՀՊՄՀ կրթական բարեփոխումների և որակի վարչության պետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Ավագյանի հետ:
-Պարոն Ավագյան, նախ բնորոշենք փորձագետին: Ո՞վ է փորձագետը Ձեր մեկնաբանմամբ:
-Փորձագետը մի անձ է, ով իր կյանքի ու աշխատանքային գործունեության բերումով թերևս գիտի ավելին, ինչը հիմք է ստեղծում, որ նա կարողանա այդ ոլորտում ավելի գլոբալ, խորքային ուսումասիրություններ կատարել: Փորձագետն այն մարդն է, որն իր մարդկային կերպարով ու գործունեությամբ կրթական համայնքում չի աղտոտել իր անունը, և լիարժեքորեն, բաց ճակատով կարող է լինել ցանկացած տեղում` ոչ թե ստուգելու, այլ իր տարիների փորձից ելնելով խորհրդատվություն տալու տվյալ կազմակերպությանը:
-Համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետը ինչո՞ւ պետք է ցանկանա դառնալ փորձագետ: Ձեր դեպքում ո՞րն է եղել մոտիվացիան:
-Հարցը մտածելու տեղիք է տալիս, երբեք չեմ մտածել, թե ինչու դառնալ փորձագետ:
Ասեմ, որ փորձագետ դառնալն ինչ-որ ամբիցիաների դրսևորում չի եղել: Քայլս պայմանավորված է եղել ոլորտի մասնագետ լինելու, ընդհանուր իրավիճակը տեսնելու և համադրելու ձգտմամբ:
Փորձագետը մի կողմից իր լավագույն փորձը որոշակի մեկնաբանություններով որպես խորհրդատվություն է մատուցում, մյուս կողմից, այլ բուհերում առկա լավագույն փորձն ընկալելու և հետագայում կիրառելու հնարավորություն է ստանում:
Մի բան գիտեմ` փորձագետ դառնալը թերևս չի կարելի համարել փառք և հեղինակություն, սա լուրջ պատասխանատվություն է, որովհետև լինելով որևէ այլ հաստատությունում և փորձելով ծանոթանալ իրենց կատարած գործին, առաջին հերթին պետք է ունենաս մարդկային բարձր հատկանիշներ, երկրորդ հերթին` հիմնարար գիտելիքներ:
-Ի՞նչ է Ձեզ տվել փորձագետի աշխատանքը:
-Աշխատանքը որպես փորձագետ ինձ առաջին հերթին տալիս է հետևյալը.համադրելով հասկանում եմ`այն, ինչ իմ ամենօրյա աշխատանքում անում եմ, որքանով է համապատասխանում հանրապետության մյուս բուհերում կատարված աշխատանքին: Երկրորդ`աշխատանքն ինձ որպես փորձագետ նաև տալիս է հնարավորություն ծանոթանալու և ստեղծելու որոշակի կապեր մյուս բուհերի հետ հետագա համագործակցության, փորձագիտական այցից հետո համատեղ գործողությունների, բենչմարքի համար, որը, որպես ոլորտի մարդ, համարում եմ, որ պակասում է մեր բուհերում:
-Որո՞նք են փորձագետի աշխատանքի դրական ու բացասական կողմերը:
-Դրականներն արդեն թվարկեցի: Բացասական կողմ չեմ տեսնում: Ինչո՞ւ չեմ տեսնում: Եթե սովետական «ստուգում» գաղափարը չես դնում քո էության ու փորձագիտական աշխատանքի հիմքում, ապա չէի ասի, որ փորձագետի աշխատանքն ունի բացասական կողմ:
-Պարոն Ավագյան, փորձագետ լինելը որևէ կերպ ազդո՞ւմ է գործընկերների հետ հարաբերությունների վրա:
-Դրական առումով`այո: Բոլոր դեպքերում, երբ որպես փորձագետ որևէ բուհում եմ եղել, գործընթացի ավարտից հետո հարաբերությունները դարձել են ավելի ջերմ, բայց ոչ երբեք նրա հաշվին, որ փորձել եմ թաքցնել, կոծկել ինչ-որ բան, որը բացահայտ առկա է: Վաղուց անցել է այն ժամանակը, որ դիմացինի`այս դեպքում փորձագետի մեջ պիտի տեսնենք մարդու, որը եկել է բուհի գործունեության մեջ վատը գտնելու: Ի պատիվ ՈԱԱԿ-ի ասեմ, որ փորձագետների համար կազմակերպվող նախապատրաստական դասընթացներին տրվում են ոչ միայն փորձագիտական կարողություններ, այլ նաև մարդկային հոգեբանական պատրաստվածության ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Եվ ՈԱԱԿ-ի դասընթացը թերևս լիարժեք բավարար է, որ չխուսափես լինել փորձագետ:
Փորձագետի աշխատանքի մասին մանրամասնություններ` կայքի «Փորձագետներ» բաժնում