Կրթության որակի գնահատման կարևոր մեխանիզմներից մեկը ԳԱՑ կիրառումն է։ Դրանք հնարավորություն են տալիս բուհերին վերլուծելու իրենց ակադեմիական, կառավարչական և ֆինանսական արդյունավետությունը։ Ցուցանիշները հիմք են ստեղծում ուսանողների առաջընթացի, դասավանդման որակի, կրթական ծրագրերի և շրջանավարտների հաջողությունների համապարփակ գնահատման համար։
Բարձրագույն կրթության ոլորտում կիրառվող ԳԱՑ-երը կարելի է բաժանել չորս հիմնական տիրույթի, որոնցից յուրաքանչյուրը տվյալների հավաքագրման և վերլուծության տարբեր կողմեր է ընդգրկում։
Մուտքային ցուցանիշներ՝ գնահատում են ռեսուրսները, ինչպիսիք են ուսանողների ընդունելության միավորները, դասախոսական կազմի կառուցվածքը և ֆինանսական միջոցները։
🔹Ուսանողների ընդունելության միավորներ – ընդունելության միջին գնահատականները կարող են ցույց տալ ուսանողների ակադեմիական պատրաստվածության մակարդակը։
🔹 Դասախոսական կազմ – գնահատվում է ակադեմիական և վարչական աշխատակիցների հարաբերակցությունը, գիտական աստիճան ունեցողների տոկոսային հարաբերակցությունը, դասախոսների մասնագիտական փորձառությունը և որակավորումները։
🔹 Ֆինանսական ռեսուրսներ – ուսումնառության և դասավանդման համար տրամադրվող ֆինանսավորման ծավալը, գրադարանային և ուսանողական աջակցության ծառայությունների հասանելիությունը։
Այս ցուցանիշներն արտացոլում են կրթական գործունեությունն ապահովող ռեսուրսների ընդհանուր պատկերը։ Օրինակ՝ ուսանող-դասախոս բարձր հարաբերակցությունը կարող է վկայել այն մասին, որ անհրաժեշտ է ավելացնել ակադեմիական անձնակազմը՝ դասավանդման որակի պահպանման համար։
Գործընթացի ցուցանիշներ՝ գնահատում են կրթական գործընթացը՝ ներառյալ դասավանդման մեթոդները, կրթական ծրագրերի մշակումը և ուսանողական աջակցության ծառայությունները, ուսանողների ներգրավվածությունը և կրթական միջավայրի արդյունավետությունը։
🔹Դասավանդման մեթոդներ – արդյոք կիրառվում են նորարարական մեթոդներ, թվային ուսուցում կամ համակցված ուսուցման մոդելներ։
🔹ՄԿԾ-ների մշակում – արդյոք ուսումնական ծրագրերը համահունչ են աշխատաշուկայի պահանջներին և ոլորտային չափանիշներին, ընդգրկում են գործնական բաղադրիչներ (օրինակ՝ նախագծային ուսուցում, գործատուի միջավայրում ուսուցում, պրակտիկաներ)։
🔹Ուսանողական աջակցության ծառայություններ – արդյոք ապահովված է ուսանողներին ակադեմիական խորհրդատվության, հոգեբանական աջակցության և կարիերայի զարգացման ծրագրերի հասանելիությունն ու արդյունավետությունը։
Այս ցուցանիշներն արտացոլում են կրթական գործընթացի արդյունավետությունը և համապատասխանությունը սահմանված նպատակներին և չափանիշներին։
Արդյունքային ցուցանիշներ՝ արտացոլում են կրթական գործընթացի կոնկրետ և չափելի արդյունքները, ինչպիսիք են շրջանավարտների տոկոսը, զբաղվածության մակարդակը և գիտական հրապարակումների քանակը։
🔹Շրջանավարտների տոկոսը – այն ուսանողների համամասնությունը, որոնք ավարտում են իրենց ուսումնական ծրագիրը սահմանված ժամանակում։
🔹 Զբաղվածության մակարդակը – այն շրջանավարտների տոկոսը, որոնք աշխատում են իրենց մասնագիտության ոլորտում ավարտելուց հետո վեց ամսվա ընթացքում։
🔹Գիտական հրապարակումներ – դասախոսների և ուսանողների կողմից պատրաստված ու մասնագիտական գրախոսման ենթարկված գիտական հոդվածների քանակը։
Այս ցուցանիշները քանակական արտահայտմամբ ներկայացնում են կրթական գործունեության անմիջական արդյունքները։ Օրինակ՝ շրջանավարտների բարձր տոկոսը կարող է վկայել արդյունավետ դասավանդման և ուսանողների աջակցության ծառայությունների առկայության մասին։
Վերջնարդյունքի ցուցանիշներ՝ կենտրոնանում են կրթական ծրագրերի որակի և ազդեցության վրա՝ ներառելով ուսանողների գոհունակությունը, ուսումնառության արդյունքները և շրջանավարտների երկարաժամկետ հաջողությունները։
🔹 Ուսանողների գոհունակություն – հարցումներ, որոնք գնահատում են ուսանողների բավարարվածությունն իրենց կրթությունից, դասախոսներից և կրթական ընդհանուր փորձառությունից։
🔹 Ուսումնառության արդյունքներ – ուսանողների գիտելիքների և հմտությունների գնահատում ստանդարտացված թեստերի կամ ավարտական նախագծերի միջոցով։
🔹Երկարաժամկետ հաջողություն – շրջանավարտների հարցումներ, որոնք գնահատում են նրանց մասնագիտական առաջխաղացումը, հետագա կրթությունը և անձնական զարգացումը։
Այս ցուցանիշները գնահատում են կրթության ավելի լայն ազդեցությունը՝ ուսանողների անձնական և մասնագիտական զարգացումը։
Օրինակ՝ շրջանավարտների գոհունակության և կարիերայի առաջընթացի վերաբերյալ հարցումները կարող են արժեքավոր տեղեկատվություն տալ կրթական ծրագրերի երկարաժամկետ արժեքի մասին։
🎯 Եզրակացություն
ԳԱՑ-երը բուհերին հնարավորություն են տալիս հիմնավորված որոշումներ կայացնելու, ուսանողների ակադեմիական և մասնագիտական աճին նպաստելու և կրթական ծրագրերը շարունակաբար բարելավելու։ Ճիշտ մշակված և կիրառված ԳԱՑ համակարգը կարող է նպաստել կրթության որակի շարունակական բարելավմանն ու բուհերի արդյունավետ կառավարմանը։
Աղբյուրը՝ «Դասավանդման և ուսուցման որակի ցուցանիշները բարձրագույն կրթությունում», Դենիզ Չալմերս