Վեց տարի հետո Հայաստանում կրթություն ստացող մարդկանց 90 տոկոսը ավարտելուց հետո մասնագիտական զբաղվածություն կունենա․ այս պլան-նշաձող-ցանկությունը ամրագրված է կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում։ Ցանկությունն իրականություն դարձնելու քայլերից մեկը մեկնարկեց այսօր՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» անունը կրող ֆորումի տեսքով։
«Եվրոպական կրթական հիմնադրամը կազմակերպում է այցեր տարբեր երկրներ, մենք 4-րդ երկիրն ենք։ Քննարկվում են այն հարցերը, որոնք հետաքրքրում են տեղական համակարգին։ Եվ քանի որ դա մեզ համար շատ կարևոր է, որ կրթությունը դարձնենք ավելի պրակտիկ, մենք առաջարկեցինք խոսել ձևավորող գնահատման մասին։ Եվ հարց ենք դրել, թե ինչպես անենք, որ գործատուներն ավելի շատ մասնակցեն, տան իրենց հետադարձ կապը կարիքների, ուսանողի կարողությունների մասին։ Կարծում ենք, որ շրջանավարտներն ավելի պատրաստ կլինեն աշխատելու գործատուի մոտ, եթե ինքը մասնակցի ուսուցման պրոցեսին»,- ասում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Այսպիսով ՈԱԱԿ-ում ակնկալում են, որ գործատուն կմասնակցի միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթության պրոցեսին, կտա հանձնարարություններ, կգնահատի ուսանողին, նրա համար դեռ ուսումնական հաստատությունում արդեն հստակ կձևակերպի իր պահանջները․
«Պետք է ավելի քիչ գնահատել փաստացի գիտելիքը, ավելի շատ գնահատել կարողությունը ու գործ անելու ժամանակ տալ հետադարձ կապ․ հենց երեխան սխալվեց, պիտի ստանա խորհրդատվություն՝ ինչպես ուղղել, ոչ թե հետո՝ աշխատավայրում ուղղի իր սխալները, նորից սխալվի։ Պետք է սխալվել քոլեջում և միանգամից ստանալ խորհրդատվություն»։
Այս գործընթացն արդյունավետ կազմակերպելու և մոդելը կրթական հաստատություններ ներմուծելու համար 12 երկրներից մասնագետներ են եկել։ Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Մունիր Բաատին ասում է՝ ֆորումի շրջանակում այցելելու են Հայաստանի մի շարք քոլեջներ՝ ընթացիկ վիճակին ոչ թե մասնագետների տեսական զեկույցների միջոցով, այլ հենց ներսից ծանոթանալու համար․
«Ասելու ենք՝ ինչը դուր եկավ այդ համակարգում, ինչն է շտկելու ենթակա, ինչն այդքան էլ դուր չեկավ։ Ինչպես վարվել այդ հետադարձ կապի, մեկնաբանությունների հետ, որ մասը կիրառել, որը՝ շրջանցել, կորոշի Հայաստանի կառավարությունը։ Բայց, համենայն դեպս, եթե բոլոր փորձագետները միաձայն ասեն, որ կոնկրետ խնդիրը ենթակա է պարտադիր շտկման, հնարավոր չի լինի այն անտեսել»։
Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջում ենք։ Դասախոս Սոֆի Մամիկոնովնան պատմում է՝ ինչով են զբաղված ատամնաշար հիշեցնող պլասմասսայե առարկաների առաջ նստած ուսանողները․
«Այսօրվա դասի շրջանակներում իրենք պետք է պատրաստեն վերին առաջին փոքր աղորիքի անատոմիական ձևավորումը։ Մինչ այդ պատրաստել են կոմբինացված մոդել, դասի առաջին 10-15 րոպեն անում ենք քննարկում, հարց-պատասխան, մոտ 15 րոպե ես ցույց եմ տալիս՝ ինչ պետք է անեն, հետո յուրաքանչյուրը իր առանձին սեղանի մոտ նստում, իր մոդելի վրա աշխատում է, ես մոտենում, գնահատում եմ մինչև դասի ավարտը»։
Քոլեջում, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում, Եվրոպական կրթական հիմնադրամում վստահ են՝ այսպիսի գործնական աշխատանքի դեպքում միայն ուսանողը կարող է հասկանալ՝ սիրո՞ւմ է այս աշխատանքը, թե ոչ, կարո՞ղ է աշխատել այս մասնագիտությամբ, ի՞նչ սխալներ է անում և ինչպե՞ս ուղղի դրանք՝ կրթական հաստատություն-աշխատաշուկա անցումը սահուն ու անցնցում իրականացնելու համար։ Առաջիկա 3 օրերին ֆորումի մասնակիցները կքննարկեն այս մոտեցումը Հայաստանում համընդահնուր դարձնելու ուղիները։