Lragir.am-ի զրուցակիցն է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ղեկավար Ռուբեն Թոփչյանը
Պարոն Թոփչյան, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում բուհերի հավատարմագրման ոլորտում:
Մենք վաղուց ենք սպասել այս օրենքի նախագծին, երկար ժամանակ դրա մշակման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել: Մենք 2011 թվականից սկսեցինք օրենքի սահմաններում բուհերի հավատարմագրում իրականացնել, բայց այդ օրենքով հստակ չէր «հավատարմագրում» բառի մեկնաբանությունը, թե ինչ նպատակներ ունի այն, ինչ վերջնարդյունք է սպասվում: Այն ժամանակ կար կառավարության որոշում, մենք աշխատանքներն սկսեցինք կառավարության որոշման շրջանակներում: Այդ որոշումը սահմանում էր, որ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները պետք է անցնեն հավատարմագրում: Եվ դա պետք է լիներ երկու ուղղությամբ՝ ինստիտուցիոնալ, այսինքն՝ թե ինչպես է կառավարվում բուհը, որքանով է արդյունավետ կառույց, և երկրորդ` թե ինչպիսին է ծրագիրը, ինչ մասնագիտական գիտելիքներ է տալիս այդ ծրագիրը: Օրենքում փոփոխություն կատարվեց և որոշվեց, որ ինստիտուցիոնալ կարգը պարտադիր է բոլոր բուհերի համար: Եվ նշվեց, որ այդ հավատարմագրումն անցնելու համար 2018 թվականը պետք է լիներ դիմելու վերջնաժամկետը: Բայց 2018 թվականը ավարտվեց, ոչինչ չփոխվեց: Այսինքն՝ ուսումնական հաստատությունները, որոնք չունեին հավատարմագրում, շարունակեցին իրենց աշխատանքը: Ըստ օրենքի՝ պարտադիր պետք է դիմեին մեզ ՝ հավատարմագրվելու համար, բայց չդիմեցին, որովհետև օրենքով սահմանված չէր որևէ հետևանք, թե ինչ կլինի, եթե բուհը չդիմի: Չդիմողների թվում պետական բուհեր չկային, իհարկե: Որոշ պետական բուհեր ձգձգեցին գործընթացը մինչև վերջին կետը, բայց այդուհանդերձ պահպանեցին կարգը: Բայց կան մասնավոր բուհեր, որոնք առ այսօր չեն դիմել:
Այսինքն՝ այդ բուհերը գործում են, բայց հավատարմագրվա՞ծ չեն:
Իհարկե: Իրենք ասում են, որ 2001 թվականին ընդունված կարգով հավատարմագրված են եղել:
Այսինքն՝ նոր պայմաններում դա համարվում է չհավատարմագրվա՞ծ:
Այդ բուհերի վկայականի վրա գրված է, որ իրենք հավատարմագրված են և համապատասխանում են, օրինակ, 2004 թվականի կրթական չափորոշիչներին: Բայց չափորոշիչներն անընդհատ փոխվում են: Եթե դու հավատարմագրված ես այս չափորոշիչով, դա չի նշանակում, որ եթե չափորոշիչը փոխվի, ապա դու էլի հավատարմագրված ես համարվում: Չափորոշիչներն անընդհատ փոփոխվել են, բայց այդ բուհերը մնացել են հավատարմագրված, ինչն անընդունելի է:
Նոր օրենքի նախագծով ինչպե՞ս է լուծվելու այս հարցը, ի՞նչ է փոխվելու պետական և մասնավոր բուհերի համար, քանի որ հավատարմագրումը նաև պետական բուհերի համար է:
Եվ պետական, և մասնավոր բուհերի համար պահանջը նույնն է, այստեղ խոսքն այն մասին է, որ բուհը պետք է ունենա ներքին որակի և արտաքին որակի ապահովում: Ներքին որակի ապահովում նշանակում է, որ բուհը ինքն իր որակին հետևում է: Այսինքն՝ ինքն իր նախաձեռնությամբ հավաստում է, որ իր գործողություններն արդյունավետ են: Դա պետք է բուհն անի անընդհատ, և օրենքի նախագծում դա նշվում է: Դրանից բացի, համակարգը պետք է ունենա արտաքին ապահովում, այսինքն՝ պետությունն էլ՝ որպես լիազոր մարմին, պետք է հասարակությանը հավաստի, որ ինքն էլ է վերահսկում գործընթացը: Այդ վերահսկողությունը հենց կոչվում է արտաքին որակի ապահովում, որի նպատակն է հավաստիանալ՝ իրոք բուհը գործում է, որակ է տալիս, ուսանողներն ավարտում են՝ իրոք որպես բակալավր, որպես մագիստրոս և այլն:
Այս օրենքի նախագծով հստակեցվում է՝ եթե բուհը հավատարմագրված չէ, ապա պետական ֆինանսավորում չի ստանա, պետությունը որակավորումը չի ճանաչի: Այսինքն՝ արդեն հետևանքներ են լինում, ընդհուպ մինչև բուհը կարող է զրկվել լիցենզիայից և փակվել: Եթե բուհը երկու անգամ ինստիտուցիոնալ հավատարմագրում չստանա, ուրեմն կփակվի: Այսինքն՝ հավատարմագրման գործընթացն արդեն կապվում է լիցենզիայի հետ:
Մենք նաև մի նոր սխեմա ենք մտածել, այն այս նախագծում դեռ չկա, գուցե առաջարկություններ կներկայացնենք, որպեսզի մոնիթորինգ իրականացվելու իրավունք սահմանվի: Եթե բուհերին տալիս ես ժամկետային հավատարմագրում, պետք է նաև այդ բուհն աշխատի: Փորձը ցույց է տալիս, որ հավատարմագրումը տալիս ենք, բայց երկրորդ հավատարմագրման ժամանակ արդեն տեսնում ենք, որ բուհը շատ բան չի արել: Այսինքն՝ ընթացքում պետք է վերահսկվի նրա գործունեությունը: Մենք վստահում ենք, ասում ենք՝ եթե բուհը նորից պետք է գա հավատարմագրման, ուրեմն երևի անընդհատ պետք է զբաղվի իր որակով, բայց բուհի ռեկտոր կար, ով մեզ ժամանակին ասաց՝ «Ես բան ու գործ չունեմ, անընդհատ որակո՞վ պետք է զբաղվեմ»: Հետևաբար, մենք գտնում ենք, որ մոնիթորինգի մեխանիզմը շատ օգտակար է, որովհետև բուհը պետք է ինչ-որ կերպ հավաստի, որ իրոք աշխատանք է իրականացնում, որ իրոք ինչ-որ փոփոխություն է տեղի ունենում բուհում:
Այսինքն՝ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի այս դաշտը «մաքրելո՞ւն», որոշ բուհեր պարզապես կփակվե՞ն:
Մենք դաշտը «մաքուր» լինելու տերմինը չենք օգտագործում, որովհետև ի սկզբանե դաշտը պետք է մաքուր լինի այնքանով, որ յուրաքանչյուր բուհ պետք է ձգտի ավելի լավ որակի: Այսինքն՝ դաշտը «մաքրվում» է նրանցից, ովքեր այդ որակին անընդհատ չեն հետևում, չեն բարելավում իրենց աշխատանքը: Աշխարհի հայտնի համալսարանները նույնպես նման գործընթաց են անցնում, որովհետև հանրությունը սպասում ու հետևում է նրանց առաջընթացին: Դրսից բուհի որակը լավացնել գրեթե անհնար է, բուհն ինքն անընդհատ պետք է հետևի իր որակին:
Քանի՞ բուհ է գործում այսօր Հայաստանում:
Դժվար է հստակ թիվ ասել, որովհետև այն անընդհատ փոփոխվում է: Ավելի քան 60 բուհ կար, բայց հիմա կարծես 57-ն են մնացել: Որոշ բուհեր ինքնուրույն փակվում են կամ միանում են այլ բուհերի, խոշորացում տեղի ունենում է, բայց շատ դանդաղ: Մենք այսօր մոնիթորինգ ենք անում և տեսնում ենք, որ 100 ուսանող ունեցող բուհեր էլ կան: Իսկ 100 ուսանողով նաև ֆինանսապես է դժվար բուհ պահել, երբ բաժանում ես, ամեն կուրսում 10-15 ուոսանող է լինում, իսկ երբ բաժանում ես ըստ մասնագիտությունների, ընդհանրապես զրոյանում է այդ թիվը: Ուստի, ստացվում է, որ իրենք իրենց չեն ուզում ասել՝ բուհն արդեն չկա, մի կերպ ձգում են: Բայց նոր օրենքի դեպքում իրենք արդեն պետք է մտնեն դաշտ, չեն կարող այդպես շարունակել: Դրա համար մենք այս օրենքի նախագծին շատ էինք սպասում, որ լինեն հետևանքներ, կարգավորվի այդ ոլորտը, հստակ լինեն պահանջները: Եվ հետևանքները ոչ միայն այն ուղղությամբ պետք է լինեն, որ մենք դաշտ ենք «մաքրում», այլ նաև պետությունը պետք է ունենա պարտավորություններ՝ հավատարմագրված բուհերի նկատմամբ: Այսինքն՝ եթե մենք ասում ենք, որ եթե բուհը չի հավատարմագրվել, չի ստանա պետական ֆինանսավորում, պարզ է, հակառակն էլ կա, եթե հավատարմագրվի, ուրեմն պետք է ստանա: Այստեղ արդեն սկսվում է երկխոսություն բուհի և պետության միջև: Այդ դեպքում պետությունն արդեն ուղղորդված կարող է ներդրումներ անել՝ տեսնելով, որ ոլորտը կարգավորվում է, արդյունքներ կան: Ես ուզում եմ նաև շեշտել, որ մեր հավատարմագրման չափանիշները համապատասխանում են եվրոպական չափանիշներին: