Դեկտեմբերի 1-ից TEMPUS -ի շրջանակում կմեկնարկեն ՈԱԱԿ-ի նախաձեռնած և հեղինակած միջազգային երկու՝ «Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանումը» և«Հաստատությունների ինքնագնահատման համակարգերի մշակում և ներդնում»ծրագրերը:
«Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանումը» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում և Վրաստանում մասնագիտական կրթության որակը` առաջարկելով որակի արտաքին և ներքին ապահովման այնպիսի համակարգեր, որոնք ընդունված ու ճանաչված են ինչպես տարածաշրջանային մակարդակում, այնպես էլ միջազգայնորեն: Ծրագրի իրականացման առաջին փուլում պետք է սահմանվեն Հայաստանում և Վրաստանում որակի ապահովման համակարգերի ներդրման ակնկալիքները, որպեսզի հետագայում մշակվեն ու տեղայնացվեն որակի արտաքին ապահովման ընթացակարգերն ու չափանիշները: Հայաստանում ավելի շատ կարևորվելու է համակարգի մշակումն ու ներկայացումը, իսկ Վրաստանում առկա համակարգը պետք է վերաձևավորվի` եվրոպական չափորոշիչները բավարարելու համար:
Միջազգային այս ծրագրում ՈԱԱԿ-ի հայաստանյան գործընկերներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ)։ Միջազգային կառույցներից ներգրավված են Վրաստանի, Նիդերլանդների որակի ապահովման կենտրոնները և ուսումնական հաստատություններ՝ Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից։
«Հաստատությունների ինքնագնահատման համակարգերի մշակում և ներդնում» ծրագրերի նպատակներից է հաստատություններում մշակել ինքնագնահատման կայուն, արդյունավետ գործող համակարգ, որը կնպաստի հաստատության տրամադրած ծառայություններում որակն արժևորող մշակույթի ձևավորմանը: Ծրագրում ընդգրկված են Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, Երևանի պետական համալսարանը ( Ժուռնալիստիկայի ֆակուլտետ), Երևանի պետական բժշկական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղը և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը։
Հայաստանյան մի շարք հաստատությունների ներգրավումն այս ծրագրում թույլ կտա գնահատել համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Եվրոպական գործընկերների ներգրավումը հնարավորություն կընձեռի ապահովել համակարգերի համադրելիությունը: