Դեկտեմբերի 26-ին Էրազմուս ծրագրի MicroGear նախագծի շրջանակներում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ տեղական գործընկերների հանդիպում՝ քննարկելու միկրոորակավորումների մշակման և իրականացման ճանապարհային քարտեզը Հայաստանում։
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ճանապարհային քարտեզի փուլերը և միկրո֊միկրոորակավորումների ներկա վիճակը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում։ Քննարկումների առանցքում էին միկրո֊որակավորումների հնարավորությունները՝ նպաստելու շարունակական ուսուցմանը, բավարարելու աշխատաշուկայի պահանջները և համապատասխանեցնելու միջազգային և եվրոպական չափորոշիչներին։
Տեղական գործընկերները որոշեցին հստակեցնել ճանապարհային քարտեզը՝ ապահովելով, որ այն լիովին համապատասխանի Հայաստանի կրթական առաջնահերթություններին և մարտահրավերներին։ Համաձայնեցվեց, որ վերջնականացված ճանապարհային քարտեզը կներկայացվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ հետագա քննարկման համար։
Micro-GEAR (Միկրոորակավորումներ Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթական համակարգի համար) 3-ամյա (2024-2027) Էրազմուս + ծրագրի նպատակն է աջակցել միկրոորակավորումների համակարգի ներդրմանը և բերալավմանը Հայաստանում և Վրաստանում: Այն կնպաստի բարձրագույն կրթության բարալավմանը և ճկունության մեծացմանը, ցկյանս կրթության հնարավորությունների ընդլայնմանը: Ծրագրի շրջանակներում կվերանայվեն միկրոորակավորումների ոլորտը կարգավորող օրենսդրությունը և Որակավորումների ազգային շրջանակը Հայաստանում և Վրաստանում, կսահմանվեն այդ կրթական ծրագրերի որակի ապահովման մեխանիզմներ՝ նպաստելով դրանց փոխադարձ ճանաչմանը:
Ծրագրի շրջանակներում շահակից բուհերը գործընկերների աջակցությամբ կմշակեն և կփորձարկեն միկրոորակավորում շնորհող կրթական ծրագրեր:
Ծրագրի շահակիցներն են Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարությունները, ազգային հավատարմագրման և ակադեմիական փոխճանաչման կենտրոնները, բարձրագույն ուսումնական հաստատություններ (Երևանի պետական համալսարան, Եվրասիա միջազգային համալսարան, Վրաստանի տեխնոլոգիական համալսարան և Վրաստանի համալսարան), հետազոտական կառույցներ: Եվրոպական կողմից ծրագրի կոնսորցիումը ներառում է 3 բարձրագույն ուսումնական հաստատություն (Գերմանիա, Իսպանիա, Իտալիա), իտալական ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ կենտրոնը և Որակի ապահովման փորձագիտական ընկերությունը: