ՏԵՄՊՈՒՍ-ի ESPAQ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 23-25-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում իրականացվում է կրթության որակի ապահովմանը նվիրված վերապատրաստում ուսանողների համար: Միջոցառմանը մասնակցում են նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում ESPAQ-ի համակարգող Էլլա Կարագուլյանը, ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի համակարգող Արուսյակ Հարությունյանը և ուսանող-փորձագետներ:
Եռօրյա վերապատրաստման ընթացքում անդրադարձ կկարատվի որակի ապահովմանը Հայաստանյան բուհերում, ուսանողների մասնակցությանը որակի ապահովման գործընթացներին, ուսանողների ընդգրկվածությանը հավատարմագրման գործընթացներում որպես փորձագետ, ուսանողական միությունների դերին և այլն:
Վերապատրաստամն առաջին օրն ՈԱԱԿ աշխատակիցները մասնակիցներին ներկայացրեցին որակի ապահովման համակարգը Հայաստանում, հիմնադրամի «Ուսանողության ձայն» նախագիծը, ուսանողների համար կազմակերպվող դասընթացները, ուսանող-փորձագետների բազայի համալրման աշխատանքները, ինչպես նաև որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության առկա փորձը:
ESPAQ–ը («Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացում ուսանողների մասնակցության դերի բարձրացում») եռամյա ծրագիր է: Նպատակն է խթանել որակի ապահովման գործընթացները և նպաստել որակի մշակույթի կայացմանը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում`ապահովելով շահակիցների, հատկապես ուսանողների մասնակցությունը գործընթացներին: