Փետրվարի 12-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցավ «Սոցիալական հեռավորություն և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում» (էլԿԱՄՊՈՒՍ) ծրագրի մեկնարկային համաժողովը։ eCAMPUS ծրագիրը միտված է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում առցանց ուսուցման, ուսումնառության և գնահատման (TLA) որակի բարելավմանը։
Այն կենտրոնանում է․
- դասախոսական կազմի թվային հմտությունների զարգացման,
- առցանց TLA-ի ներքին որակի ապահովման մեխանիզմների ներդրման վրա։
Համաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որից հետո ներկայացվեցին ծրագրի նպատակները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները։ Հաջորդեց հայաստանյան և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացումը։
ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՈԱԱԿ-ի 16 տարիների գործունեությունը և ձեռքբերումներն ամփոփ թվային տվյալներով: Ընդգծվեց ՈԱԱԿ-ի ակտիվ մասնակցությունը միջազգային հարթակներում, ՈԱԱԿ-ի շնորհված հավատարմագրումների հասանելիությունը DEQAR տվյալների բազայում, ինչպես նաև համատեղ հավատարմագրումների իրականացումը, որոնք բուհերին հնարավորություն են տալիս ստանալ կրկնակի միջազգային հավատարմագրում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է.
- դասախոսական կազմի թվային հմտությունների շրջանակի ստեղծում՝ անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների սահմանման համար,
- TLA կարողությունների հավաստագրման ծրագրի ներդրում՝ դասախոսների մասնագիտական զարգացման աջակցման նպատակով,
- չափանիշների և գործիքների մշակում՝ առցանց ուսուցման, ուսումնառության և գնահատման (TLA) որակի ապահովման, դիտարկման և շարունակական բարելավման համար,
- էլեկտրոնային ուսուցման հարթակների և խելացի դասարանների որակի չափանիշների մշակում,
- ուսանողների առաջընթացին հետևելու հարթակի ստեղծում, որը կնպաստի կրթության մատչելիության և որակի բարձրացմանը, հատկապես հատուկ կարիքներ ունեցող ուսանողների համար։
Ծրագրի շահակիցներն են.
- Երևանի պետական համալսարան (ԵՊՀ),
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ),
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ),
- Հյուսիսային համալսարան ,
- ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ,
- Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ),
- ՀՀ ԿԳՄՍ նախարարություն,
- Մադրիդի ինքնավար համալսարան (UAM), Իսպանիա
- Լիսաբոնի համալսարան (ULISBOA), Պորտուգալիա
- Ջենովայի համալսարան (UNIGE), Իտալիա
- Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ (KTH), Շվեդիա:
ECAMPUS Էրազմուս+ նախագիծն իրականացվում է ԵՄ համաֆինանսավորմամբ: