ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում հայաստանյան 8 բուհեր արտաքին գնահատում կանցնեն: Նպատակն է գնահատել բուհերի կառավարման համակարգի արդյունավետությունը և GOVERN ծրագրի արդյունքները:
Գործընթացի շրջանակներում ութ բուհերը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն են ներկայացրել իրենց ինքնավերլուծությունը: Մինչ այդ ՈԱԱԿ-ն ուսումնասիրել էր այդ բուհերի SWOT վերլուծություններն ու բարելավման ուղղությամբ խորհրդատվություն մատուցել, ինչի հիման վրա էլ իրականացվել է ինքնավերլուծությունը:
Ծրագրի շահակից բուհերը ինքնավերլուծությունն իրականացրել են Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի չափանիշներով և ձևաչափով:
Հունվարի 23-ից կմեկնարկեն փորձագիտական այցերը բուհեր: Խմբում կլինեն տեղացի ու միջազգային փորձագետներ: Գործընթացը կհամակարգեն ՈԱԱԿ և ASIIN մասնագետները:
GOVERN-ը եռամյա ազգային ծրագիր է, որի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը, խրախուսել Բոլոնիայի օրակարգին համահունչ արդյունավետ կառուցվածքային փոփոխությունները, ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը: