Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր ընդունեց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գոհար Գրիգորյանին և հոգաբարձուների խորհրդի անդամ, SEPR մասնագիտական ուսուցման միջազգային կենտրոնի տնօրեն Վերոնիք Ֆուռլանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Լիլիթ Պիպոյանը։
Հանդիպման ընթացքում Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները կարևորեցին ՈԱԱԿ-ի դերը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի ներդրման և կայացման գործում՝ ցանկություն հայտնելով, որ իրենց ուսումնական հաստատությունը հավատարմագրվի ՈԱԱԿ-ի կողմից։
Պարոն Թոփչյանը տիկնայք Ֆուռլանին և Գրիգորյանին ներկայացրեց հավատարմագրման գործընթացի էությունը և մանրամասները։ Քննարկման արդյունքում որոշվեց, որ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը նախ փորձնական արտաքին գնահատում կանցնի, որից հետո արդեն կդիմի ինստիտուցիոնալ հավատարմագրման։