Դեկտեմբերի 6-ին ՈԱԱԿ հիմնադրման 15-ամյակի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով ՄԿՈՒ համաժողովը, որը բացառիկ հարթակ էր մեկտեղելու պետության, աշխատաշուկայի, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներին և շահակիցներին՝ քննարկելու կարողությունների ձևավորմանն ուղղված լավ փորձն ու մարտահրավերները։
«Կարող աշխատուժի ձևավորումը տալիս է տնտեսական զարգացման շոշափելի արդյունք․ ՄԿՈՒ հաջողված փորձի ներկայացում» պանելի շրջանակներում քոլեջների և գործատուների ներկայացուցիչները կարևորեցին.
- Միկրոորակավորումների կիրառումը, որը կնպաստի աշխատուժի շարունակական զարգացմանը և գործատուին անհրաժեշտ հմտությունների ձեռքբերմանը:
- Մասնագիտական կրթությունը. կարողություններին զուգակցվող բազային մասնագիտական գիտելիքները հետագա մասնագիտական զարգացման գրավականն են:
- Համընդհանուր անցումը դուալ կրթության, որտեղ համադրված են տեսական և գործնական գիտելիքները, իսկ կրթությունն իրականացվում է գործատուի միջավայրում:
- Մասնագիտությամբ աշխատող ուսանողին աջակցելու մեխանիզմների առկայությունը, ինչը թույլ կտա նրան չկտրվել աշխատանքային միջավայրից՝ համատեղելով աշխատանքն ու կրթությունը:
- Քոլեջների և գործատուների միջև համագործակցության երկուստեք շահավետ ուղիներ գտնելը:
- Քոլեջների և գործատուների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը կնպաստի քոլեջում ներդրումների իրականացմանը կարողունակ աշխատուժի ձևավորման համար:
- Մասնագետին ներկայացվող աշխատաշուկայի պահանջների հստակեցումը և ոլորտային չափանիշների ներդրումը գործատուների կողմից:
Պանելային քննարկման մասնակիցներն էին՝
- Սևանի «Տեսվան» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Գրիգորյանը,
- Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Հասմիկ Մաթևոսյանը,
- Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության գործատու-դասախոս Վլադիմիր Բագրատունին,
- Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Ամալյա Ադամյանը:
Պանելային քննարկումը վարում էր ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը: