ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում հավատարմագրվող քոլեջների ղեկավար կազմի և որակի ապահովման պատասխանատուների հետ։
Հանդիպմանը ներկա էին թվով 5 քոլեջների ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ և որակի ապահովման պատասխանատուներ։ Առաջիկայում հավատարմագրվող քոլեջներն են՝ Երևանի հենակետային բժշկական, Երևանի հայ–հունական պետական, Երևանի պետական հումանիտար, Մարտունու պետական բժշկական և Արարատի տարածաշրջանային պետական քոլեջները։ Հանդիպման նպատակն էր առաջիկայում հավատարմագրվող քոլեջներին ծանոթացնել հավատարմագրման գործընթացին։
ՈԱԱԿ տնօրեն Ռ․ Թոփչյանը իր բացման խոսքում նշեց ՝ կարևոր է, որ քոլեջները ուսանողների համար ճանապարհ հարթեն ավելի շատ դեպի աշխատաշուկա, քան դեպի բուհ, նախապատրաստեն աշխատելուն` բավարարելով տեղական աշխատաշուկայի պահանջները։ Քոլեջի գլխավոր նպատակներից մեկը աշխատող և ձեռքի հմտություն ունեցող կադրերի ձևավորումն է։
«Հավատարմագրման հիմքում ընկած է ուսումնական հաստատության կողմից ներկայացվող ինքնավերլուծությունը, մենք ձեզնից ակնկալում ենք ստանալ խնդիրների մասին բարձրաձայնող, բայց նաև չընկրկող, չհանձնվող ինքնավերլուծություններ»,– իր խոսքը եզրափակեց ՈԱԱԿ տնօրեն Ռ․ Թոփչյանը։
Հանդիպման հաջորդ հատվածում ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը ներկայացրեց հավատարմագրման գործընթացը ՝ փուլերը, ժամկետները ինքնավերլուծության աշխատանքային խմբերի ձևավորման սկզբունքները և այլն։
Հանդիպման վերջին հատվածում կողմերը քննարկեցին հետագայում սպասվող անելիքները։