Հոկտեմբերի 20 և 22-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցան քննարկումներ ՏԵՄՊՈՒՍ-ի «VERITAS» ծրագրի շրջանակներում: Հանդիպումների նպատակն էր քննարկել Զալցբուրգյան 10 սկզբունքները և հստակեցնել հայկական կողմի մոտեցումներն եռաստիճան կրթական համակարգի ներդրմանը նվիրված հայդելբերգյան աշխատաժողովից առաջ:
Մինչ այս հայաստանյան 11 բուհերն իրականացրել են իրենց մոտ գործող համակարգի վերլուծություն`ըստ Զալցբուրգյան տասը սկզբունքների: Քննարկումների միջոցով փորձ էր արվում ձևավորել ընդհանուր մոտեցումներ, առանձնացնել համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը` դրանք միջազգային աշխատաժողովի ընթացքում քննարկելու համար:
«VERITAS»-ը (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է, որը մեկնարկել է 2014-ի սկզբին: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի հետբուհական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին: