Նոյեմբերի 16-17-ն Ծաղկաձորում տեղի ունեցավ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» խորագրով համաժողովը, որին մասնակցում էին նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը և փորձագետ Լիլիթ Զաքարյանը:
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին ծրագրի նպատակները և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության վրա ազդող գործոնների ռիսկի վերլուծությունը: Ուսումնասիրությունում անդրադարձ է կատարվում նաև ՈԱԱԿ դերին ու կարևորվում հավատարմագրման գործընթացների ազդեցությանը բարեվարքության ամրապնդման գործում: «ՈԱԱԿ-ի առկա դրական ձեռքբերումների վրա հիմնվելը պետք է առաջնային լինի ՀՀ կառավարության և ԲԿ համայնքի համար`Հայաստանի բուհական համակարգի ներսում բարեվարքությունն ամրապնդելիս»,- ասված է ուսումնասիրությունում: Միջազգային փորձագետները նաև առաջարկում են մեծացնել ՈԱԱԿ անկախությունը, հիմնադրամին վերապահել բարձրագույն կրթության ազգային չափորոշիչների ընդունման արտոնությունը և այլն:
Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում առկա մարտահրավերները և հնարավոր լուծումները, կրթության ոլորտում թափանցիկության ապահովումը քաղաքականության մակարդակում: Համաժողովի նիստերից մեկն էլ նվիրված էր բարձրագույն կրթության համակարգում թափանցիկության և բարեվարքության ամրապնդման հարցում որակի ապահովման դերին:
Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի մասին ծրագրի նպատակներից են Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքություն ապահովելու և կոռուպցիայի դեմ պայքարելու համար մշակել ինստիտուցիոնալ համակարգ, բարելավել օրենսդրական դաշտը, ինչպես նաև մշակել գործիքակազմեր`խթանելու բարձրագույն ուսումնական հաստատություններում թափանցիկությունը և հաշվետվողականությունը:
Այն երկամյա ծրագիր է, մեկնարկել է 2015-ի մայիսի 27-ին, իրականացվում է ԵՄ և ԵԽ ֆինանսավորմամբ, ընդհանուր բյուջեն կազմում է 400 հազար եվրո: