ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-11-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված ինքնավերլուծությանը: Աշխատաժողովի նպատակն էր մասնակից բուհերին ներկայացնել արտաքին գնահատման նախապատրաստական աշխատանքները:
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին, ներկայացվեցին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN) մոտեցումները ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցում: Կատարվեց նաև ՈԱԱԿ և ASIIN ինստիտուցիոնալ հավատարմագրման չափորոշիչների համեմատություն:
«Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով»-ը եռամյա ազգային ծրագիր է (2013-2016): Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը, խրախուսել արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ Բոլոնիայի օրակարգին համահունչ, ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը: