Փորձագիտական խմբերի այցերը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններ սկսված են: Դրանք իրականացվում են ՀԲ-ի դրամաշնորհով բուհերում իրականացվող փորձնական հավատարմագրման ծրագրի շրջանակում: Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ-ը: Ձևավորված փորձագիտական 2 առանձին խմբերը, հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա, ուսումնասիրություններ են իրականացնելու հիշյալ բուհերում մինչև նոյեմբերի 4-ը: Միջազգային փորձագետները Նիդեռլանդներից և Մեծ Բրիտանիայից են: Դոկտոր Կլաաս վան Վեենը Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի պրոֆեսոր է, երկար տարիներ զբաղվել է ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման աշխատանքների կազմակերպման և որակի գնահատման հարցերով: Ռիչարդ Լուիսը Վաշինգտոնի համալսարանում հրավիրված պրոֆեսոր է եղել, նաև Բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) նախկին նախագահ:
Փորձագիտական այցին ընդառաջ, փորձնական հավատարմագրման ծրագրի ընթացքում, ըստ ՈԱԱԿ-ի կողմից մշակած ձևաչափի բուհերն արդեն իրենց ինքնավերլուծությունները ներկայացրել էին Որակի ապահովման ազգային կենտրոն, որի կողմից ձևավորված փորձագիտական խմբերն ուսումնասիրել էին այն: Այցի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, գնահատման սկզբունքներն ու չափանիշները՝ մշակված: ՈԱԱԿ-ի աշխատակիցների հետ պարբերական հանդիպումների ընթացքում կազմվել է գործողությունների պլան, որով այսօր առաջնորդվում են փորձագիտական խմբերը բուհերում: Այցից հետո արդեն փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները, և խմբի ղեկավարը կներկայացնի վերջնական զեկույցը:
Հիշեցնենք, որ ՀԲ-ի դրամաշնորհով փորձնական հավատարմագրման ծրագիրը կիրականացվի հանրապետության 14 բուհերում: