Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացան: Այսօր կայացած նիստում նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը:
Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար:
Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն որոշում էր կայացրել ևս 8 բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ` Երևանի պետական համալսարանին շնորհելով 6, Երևանի պետական բժշկական համալսարանին, Հայաստանի ազգային պելիտեխնիկական համալսարանին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանին, Երևանի «Գլաձոր» համալսարանին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին և Երևանի պետական կոնսերվատորիային` 4 տարով հավատարմագրում, իսկ Հյուսիսային համալսարանին 2 տարով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում: