Հունվարի 17-18-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Micro-GEAR (Միկրոորակավորումներ Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթական համակարգի համար) Էրազմուս + ծրագրի մեկնարկային համաժողովը:
Համաժողովին մասնակցում էին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և որակի ապահովման պատասխանատու Անի Մկրտչյանը:
Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել միկրոորակավորումների անհրաժեշտությանը, դրանց կիրառման փորձին, օրենսդրական կարգավորումներին: Հստակեցվել են 3-ամյա ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները, քննարկվել են առկա մարտահրավերները:
Շահակից կազմակերպությունները ներկայացրել են իրենց գործունեությունը և դերը ծրագրում: ՈԱԱԿ-ը հանդես է եկել երկու զեկույցով: Առաջին զեկույցը նվիրված է եղել ՈԱԱԿ գործունեությանը և ձեռքբերումներին: Հաջորդիվ «Բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականությունը և գործընթացները Հայաստանում» խորագրով զեկույցի շրջանակներում մատնանշվել է առկա իրավիճակը միկրոորակավորումների շնորհման համատեքստում և փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են միկրոորակավորումների համակարգի ներդրման համար:
Շշետվել է, որ
- ՀՀ-ում առկա է օրենսդրական բաց. գործող օրենսդրությունը որևէ կերպ չի սահմանում միկրոորակավորումները: «Կրթության մասին» օրենքը սահմանում է լրացուցիչ կրթությունը՝ այն դիտարկելով որպես կարճաժամկետ կրթական ծրագիր:
- ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրով նախատեսված է օրենսդրական հենքի մշակում միկրոորակավորումների շնորհման համար:
Micro-GEAR ծրագրի նպատակն է աջակցել միկրոորակավորումների համակարգի ներդրմանը և բերալավմանը Հայաստանում և Վրաստանում: Այն կնպաստի բարձրագույն կրթության բարալավմանը և ճկունության մեծացմանը, ցկյանս կրթության հնարավորությունների ընդլայնմանը: Ծրագրի շրջանակներում կվերանայվեն միկրոորակավորումների ոլորտը կարգավորող օրենսդրությունը և Որակավորումների ազգային շրջանակը Հայաստանում և Վրաստանում, կսահմանվեն այդ կրթական ծրագրերի որակի ապահովման մեխանիզմներ՝ նպաստելով դրանց փոխադարձ ճանաչմանը:
Ծրագրի շրջանակներում շահակից բուհերը գործընկերների աջակցությամբ կմշակեն և կփորձարկեն միկրոորակավորում շնորհող կրթական ծրագրեր:
ՈԱԱԿ-ը և Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնն իրենց փորձագիտական ներուժը կծառայեցնեն՝ ծրագրի շահակիցներին աջակցելու լավագույն փորձի տեղայնացման, կրթական և որակի ապահովման գործընթացների կազմակերպման, որակավորումների ազգային շրջանակի վերանայման գործընթացում:
Ծրագրի շահակիցներն են Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարությունները, ազգային հավատարմագրման և ակադեմիական փոխճանաչման կենտրոնները, բարձրագույն ուսումնական հաստատություններ (Երևանի պետական համալսարան, Եվրասիա միջազգային համալսարան, Վրաստանի տեխնոլոգիական համալսարան և Վրաստանի համալսարան), հետազոտական կառույցներ: Եվրոպական կողմից ծրագրի կոնսորցիումը ներառում է 3 բարձրագույն ուսումնական հաստատություն (Գերմանիա, Իսպանիա, Իտալիա), իտալական ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ կենտրոնը և Որակի ապահովման փորձագիտական ընկերությունը: