Սույն թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը 11 օրակարգային հարցով, որից մեկը ընթացիկ։
Նիստի օրակարգում ընդգրկված էր Խորհրդի նիստի քարտուղարի ընտրության, ՈԱԱԿ տնօրենի 2023թ․ գործունեության հաշվետվության լսումն ու գնահատումը, 2024թ․ եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե), կառուցվածքի, հաստիքացուցակի, Հավատարմագրման հանձնաժողովի ձևավորման և գործունեության նոր խմբագրությամբ ընթացակարգի, Հավատարմագրման պետական գրանցամատյանի վարման կարգի, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստությունների պայմանով ինստիտուցիոնալ հավատարմագրման սակագների, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ծրագրային հավատարմագրման սակագների հաստատումը։
Խորհրդի նախագահ Քրիստինա Ծատուրյանն առաջարկեց ընտրել Խորհրդի քարտուղար։ Խորհուրդը միաձայն քարտուղար ընտրեց ՈԱԱԿ իրավաբան Օֆելյա Պետրոսյանին։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ ու ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեցին 2023 թվականի գործունեությունը՝ ըստ ՈԱԱԿ 2021-2025թթ․ ռազմավարական ծրագրի նպատակների։
Մասնավորապես հաշվետու տարում՝
Կազմակերպվել է 20 մասնագիտական ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում, որից 5-ը՝ բուհեր, 14-ը՝ ՄՄՈՒՀ-եր և 1-ը՝ ՆՄՈՒՀ։ Հավատարմագրման հանձնաժողովի կողմից կայացվել է 16 ՄՈՒՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ որոշում։
Հաշվետու տարում ՈԱԱԿ անձնակազմը իրականացրել է ուսումնական հաստատություններում 20 ինստիտուցիոնալ և կրթական ծրագրերի մշտադիտարկումներ։
Կազմակերպվել և իրականացվել է «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» թեմայով 5 վերապատրաստում, «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME (Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիա) չափորոշիչներին» թեմայով միջազգային վերապատրաստում, ՄԿԾ-ների բարելավման հաջողված փորձերի քննարկման և ներկայացման 3 աշխատաժողով։
2023թ․-ին իրականացվել է 5 փորձագիտական վերապատրաստում, որը հնարավորություն է տվել ՈԱԱԿ փորձագիտական բազան համալրել շուրջ 92 նոր փորձագետով։
2023 թվականին հավատարմագրման գործընթացներում ընդգրկվել են 87 տեղացի և 8 միջազգային փորձագետ։
Հաշվետու տարում ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի կողմից վերապատրաստվել է 70 ուսանող՝ ՀՀ բուհերից և ՄԿՈՒ հաստատություններից։ Իսկ ՈԱԱԿ ուսանող-փորձագետներից ևս մեկը դարձել է Եվրոպական ուսանողական միության (ESU) որակի ապահովման խմբի անդամ։
2023թ․ ընթացքում ՈԱԱԿ-ն իրականացրել է 2 համաժողով՝ «Հավատարմագրման ազդեցությունը մասնագիտական կրթության որակի մշակույթի ձևավորման վրա» խորագրով, որին մասնակցել է 100 փորձագետ, և «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» խորագրով ՄԿՈՒ հաստատությունների համաժողով, որին մասնակցել է 85 ՄԿՈՒ հաստատության 250 ներկայացուցիչ։
2023թ․ իրականցվել է «Ծրագրային հավատարմագրման մեկնարկի համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը, կրթության որակի շարունակական լավացումը» թեմայով աշխատաժողովը, մասնակցել է 16 բուհից 30 պրոռեկտոր։
Հաշվետու տարում ՄԿՈՒ հաստատությունների համար կազմակերպվել է նաև ինքնավերլուծության իրականացման վերաբերյալ վերապատրաստում՝ ընդգրկելով 15 քոլեջից 75 մասնակիցների։
Կազմակերպվել է հանդիպում-քննարկում բժշկության ոլորտի 6 բուհերի պրոռեկտորների և ՈԱ պատասխանատուների հետ WFME միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագրերի բարելավումների և բժշկական ոլորտի չափանիշների մշակման ուղղությամբ։
Միջազգայնացման ուղղությամբ ևս հաշվետու տարում ՈԱԱԿ-ը գրանցել է հաջողություններ։
ՈԱԱԿ-ը շարունակում է անդամակցել ENQA-ին, EQAR-ին, INQAAHE-ին և CEENQA-ին։ ՈԱԱԿ-ը մասնակցում է նաև հինգ ERASMUS+-ի ծրագրերի (SMARTI, T-GREEN, Micro-GEAR, KPI4HEI, DeSIRe):
Հաշվետու տարվա ընթացքում ՈԱԱԿ-ը կնքել է համագործակցության պայմանագրեր Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի (NCEQE) և Իտալական համալսարանների և հետազոտական կազմակերպությունների գնահատման ազգային կազմակերպության (ANVUR) հետ։ Համագործակցություն է մեկնարկել ՀՀ-ում Բրիտանական խորհրդի հետ։
Հաշվետու տարում ՈԱԱԿ-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև իրավական ակտերի մշակման աշխատանքներում։ Մասնավորապես՝ առաջարկություններ է ներկայացրել ՀՀ ԿԳՄՍՆ ՀՀ մասնագիտական կրթակական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց կրթական ծրագրերի պետական հավատարմագրման կարգում և ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշներում փոփոխություններ կատարելու, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։
Հավատարմագրման հանձնաժողովի ձևավորման և գործունեության ընթացակարգում հիմնական փոփոխությունները վերաբերում էին հավատարմագրման հանձնաժողովի կազմում սովորողների ներկայացուցիչ ունենալուն, հանձնաժողովի կազմի 4 տարի գործունեության ժամկետը 5 տարով սահմանելուն, ինչպես նաև խմբագրական հարցերին և իրավական տեխնիկայի պահանջներին համապատասխանեցելուն։
Նպատակ ունենալով միջազգային հարթակում ՈԱԱԿ հավատարմագրման արդյունքների տեսանելիության բարձրացումը՝ ՈԱԱԿ-ը միացել է Որակի ապահովման եվրոպական ռեգիստրի (այսուհետ՝ EQAR) Որակի արտաքին ապահովման արդյունքների շտեմարանին (այսուհետ՝ DEQAR)։ Շտեմարանին միանալով՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել հավատարմագրան պետական գրանցամատյանի վարման կարգը և գրանցամատյանի կառուցվածքը։ Արդյունքում մշակվել է Հավատարմագրման պետական գրանցամատյանի վարման նոր կարգ։
Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգի փոփոխությունների առաջիկա հաստատմամբ պայմանավորված ՈԱԱԿ-ը խորհրդի հաստատմանը ներկայացրեց պայմանով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման սակագները։
«Հայաստանի Հանրապետության կրթության մինչեվ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրով նախատեսվել է ՆՄՄԿ ուսումնական հաստատություններում ուսուցանվող կարգավորվող մասնագիտությունների ծրագրային հավատարմագրում։ Այդ պահանջով պայմնավորված՝ ՈԱԱԿ-ը խորհրդի հաստատմանը ներկայացրեց նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ծրագրային հավատարմագրման սակագները։
Խորհրդի նիստի հաստատմանը ներկայացված 10 հարցերն ընդունվեցին միաձայն։
Օրակարգի ընթացիկ հարցը վերաբերում էր ՈԱԱԿ նոր խմբագրությամբ կանոնադրության նախագծին և դրա հետ կապված հետագայում տարվող աշխատանքներին։