Մայիսի 29-30-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցավ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովը և Գլոբալ քաղաքականության ֆորումը։ ՀՀ պատվիրակության կազմում համաժողովին մասնակցում էր նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Բոլոնիայի նախարարական համաժողովի օրակարգային հարցերից էին․
- Բոլոնիայի գործընթացի իրականացման լավ փորձի ներկայացումը և մարտահրավերների քննարկումը;
- Անդրազգային համագործակցություն և ԵԲԿՏ շարժունությունը;
- բուհի դերը ապագա/նոր մասնագիտություններին նախապատրաստվելու գործում՝ ներառյալ արհեստական բանականության պատասխանատու կիրառումը հետազոտության և կրթության մեջ;
- Միջազգայնացումը և հավասարակշռված շարժունությունը;
- Ակադեմիական որակավորումների ճանաչման հնարավորությունները և մարտահրավերները;
- Շարժունությունը և միջազգայնացումը՝ որպես մակրոշրջանների միջև կամուրջներ կառուցելու գործիքներ;
- Բարձրագույն կրթության որակի ապահովման գլոբալ հեռանկարները և ռազմավարությունը։
Եվրոպական կրթական տարածքի կրթական քաղաքականության պատասխանատուները համաժողովի շրջանակներում քննարկել են․
- Բարձրագույն կրթության որակի ապահովման հեռանկարները և մարտահրավերները,
- Եվրոպական չափորոշիչների և ուղենիշների (ESG) բարելավման ուղղությունները,
- Որակի ապահովման տարածաշրջանային շրջանակների մշակման հնարավորությունը՝ որակի ապահովման սկզբունքների և գործընթացների ներդաշնակեցմամբ,
- Ակադեմիական որակավորումների ճանաչման հնարավորությունները և մարտահրավերները,
- Միկրոորակավորումներ շնորհող ծրագրերի որակի ապահովման գործընթացները,
- Որակի ապահովման համակարգի դերը արհեստական բանականության կիրառման ժամանակաշրջանում հետազոտության և կրթության իրականացման համատեքստում։
Համաժողովի շրջանակում ընդունվել է Տիրանայի նախարարական կոմյունիկեն և Գլոբալ քաղաքականության ֆորումի հայտարարությունը: