2022 թ. հունվարի 17-21-ը Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում SMARTI ծրագրի շրջանակներում կայացավ «Անգլերենը հատուկ նպատակների համար և Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգը» խորագրով մեկշաբաթյա վերապատրաստումը հիբրիդային ձևաչափով: Հանդիպումը կազմակերպել էր ծրագրի 4-րդ աշխատանքային փաթեթի ղեկավար Էդուարդո Կարդոսոն: Միջոցառմանը մասնակցել են նաև ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Աշխատանքային շաբաթը հագեցած էր։ Վերապատրաստման ընթացքում կոնսորցիումի անդամ համալսարանները և կազմակերպությունները անդրադարձ կատարեցին ակադեմիական առաջադիմության, պրոֆեսորադասախոսական կազմի շարունակական վերապատրաստման, կրթական ծրագրի կառուցվածքի ու բովանդակության, արդյունավետ ուսումնական պլանի նախագծման խնդիրներին և դրանց լուծմանը, որակի ապահովման արտաքին և ներքին համակարգերի կիրառմանը: Վերապատրաստման վերջին օրը ամփոփվեցին դասընթացների արդյունքները։ Կոնսորցիումի անդամ համալսարանները և կազմակերպությունները փորձի փոխանակման արդյունքում վերհանեցին օրինակելի փորձ, որը դասընթացների ընթացքում տրամադրված հավելյալ նյութերի և սահիկաշարերի օգնությամբ կկիրառեն իրենց համալսարաններում։
SMARTI ծրագրի հետագա ընթացքին և զարգացումներին կարող եք հետևել նաև պաշտոնական կայքում։