ՏԵՄՊՈՒՍ-ի C3QA ծրագրի շրջանակներում հուլիսի 4-6-ին Կիևի ազգային առևտրա-տնտեսական համալսարանում տեղի ունեցավ վերապատրաստում նվիրված ասպիրանտական կրթության որակի ներքին և արտաքին ապահովմանը։
Վերապատրաստմանը մասնակցել են նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ-ում C3QA ծրագրի համակարգողներ Լիլիթ Պիպոյանը և Գայանե Անանյանը։
Միջոցառման շրջանակներում ծրագրի շահակից երկրները (Ուկրաինա, Մոնղոլիա, Հայաստան, Ղազախստան) ներկայացրել են իրենց ասպիրանտական կրթության համակարգը և առանձնահատկությունները։
Այնուհետև Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման բարձրագույն խորհրդի (Hcéres) մասնագետները անդրադարձ են կատարել որակի ապահովմանը կրթության 3-րրդ աստիճանում, տերմինաբանությանը և մեթոդաբանությանը։
Դասընթացի շրջանակներում ներկայացվել են ասպիրանտական կրթության և որակի ապահովման համակարգերը Իսպանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում։ Քննարկվել են ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավոր լուծումները։
«Եվրոպական ինտեգրմանը համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) եռամյա ծրագիր է։ Նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում։