Հունիսի 6-9-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբն այց կիրականացնի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան։
Բուհի վերահավատարմագրման շրջանակում ձևավորված փորձագիտական խմբի ղեկավարն է Անուշավան Մակարյանը՝ ԵՊՀ Իջևանի մասնաժյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Փորձագիտական խմբի անդամներն են Տաթևիկ Սարգսյանը՝ Հայաստանի Եվրոպական համալսարանի Զբոսաշրջության և սպասարկման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Տիգրան Սիմյանը՝ Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի Արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու։ Գործընթացում ընդգրկված միջազգային փորձագետն է Ռուլա Դայաբը՝ Լիբանանի Ամերիկյան համալսարանի Հավատարմագրման և ակադեմիական գործառնության գծով ռեկտորի օգնական, նույն համալսարանի անգլերենի և կիրառական լեզվաբանության ամբիոնի դոցենտ։ Ուսանող-փորձագետն է Էլեն Ղահրամանյանը՝ Եվրասիա Միջազգային համալսարանի կառավարում բաժնի ուսանող։
Փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի աշխատակից Անահիտ Տերտերյանը։
Փորձագիտական այցի առաջին օրը խումբը հանդիպում-քննարկումներ ունեցավ բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, բուհի հոգաբարձուների խորհրդի, գործատուների և շրջանավարտների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն քննարկումները բուհի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ: Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն)», «Քաղաքագիտություն» և «Սերվիս» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը նշում է ուսումնական հաստատության ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով բուհի ներկայացուցիչների ու փորձագետների հետ:
Նշենք՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը հավատարմագրվել է 2019 թվականին՝ 4 տարի ժամկետով։