Հոկտեմբերի 7-10-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ԺՊ Անուշավան Մակարյանը։ Խմբի անդամներն են Օմանի Սուլթան Քաբուս համալսարանի Արվեստների և հասարակական գիտությունների քոլեջի հավատարմագրման խորհրդի անդամ, Կոլոնի համալսարանի որակի կառավարման խորհրդի անդամ, Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էրլանգեն-Նյուրնբերգ համալսարանի Իրավական հարցերի, դասավանդման ու հետազոտությունների որակի կառավարման բաժնի ղեկավարի տեղակալ Մագդալենա Լիբը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՊՏՀ դասախոս Մարե Խաչատրյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ Գեղամ Կարոյանը, ՀԱՊՀ ուսանողուհի Զարուհի Հակոբյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են բուհի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել բուհի հոգաբարձուների խորհրդի, ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և շրջանավարտների ներկայացուցիչների հետ, իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում: Տեղի կունենան հանդիպումներ նաև որակի ապահովման պատասխանատուների, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Պատմություն», «Հոգեբանություն» և «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով բուհի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա բուհը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի բուհին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք, որ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը 2015-ին և 2021-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանին շնորհել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։