Մարտի 12-14-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, Հայաստանի եվրոպական համալսարանի դասախոս, ՀՖԿՍՊԻ որակի ապահովման բաժնի պետ Գագիկ Քթրյանը: Խմբի անդամներն են ԵՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնի դասախոս Նաիրա Արշակյանը, Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի դասախոս, Պրակտիկայի բաժնի վարիչ Ասյա Հակոբյանը և Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Արեգ Խալափյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել դասալսումներ, ռեսուրսների դիտարկում և նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների, ստորաբաժանումների ղեկավարների հետ: Նախատեսված են հանդիպումներ ցիկլային հանձնաժողովների նախագահների, դասախոսների, ուսանողների, որակի ապահովման պատասխանատուների, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Մասնագիտական հանդիպում քննարկումներ տեղի կունենան «Քույրական գործ», «Դեղագործություն» և «Բուժական կոսմետոլոգիա» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք՝ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ 2021-ին Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջին շնորհվել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։