Դեկտեմբերի 11-14-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն արտաքին գնահատման նպատակով Հայկական պետական մանկավարժական համալսարանում է:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հերմինե Գրիգորյանը: Փորձագիտական խմբի անդամներն են՝ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դասախոս, Որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանը, ՇՊՀ դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, ասիստենտ Ասյա Սիմոնյանը, Վարշավայի և Հյուսիսային պետական համալսարանների, Եվրոպական քոլեջի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, Վարշավայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Միսչեսլավ Սոխան (Լեհաստան), ԵՊՀ «Հանրային կառավարում» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշան Դավեյանը: Փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը:
Փորձագիտական խումբն այցից առաջ ուսումնասիրել է բուհի ինքնավերլուծությունը և փաստաթղթային բազան, իրականացրել դասալսումներ և նախնական գնահատում:
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ են տեղի ունեցել ՀՊՄՀ ռեկտորի, դեկանների, հոգաբարձուների խորհրդի անդամների, գործատուների և շրջանավարտների ներկայացուցիչների հետ: Այցի հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն հանդիպումները համալսարանի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ:
Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Հոգեբանություն» և «Կերպարվեստ» կրթական ծրագրերի պատասխանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ մատնանշելով ուժեղ և թույլ կողմերը և բարելավման խորհրդատվություն մատուցելով: ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ:
Նշենք՝ ՀՊՄՀ-ն 2020-ին ստացել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: