Հունիսի 25-28-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Ասյա Սիմոնյանը: Խմբի անդամներն են ՀԱՊՀ եղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեղամ Կարոյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի Իրավախորհրդատվական վարչության Փորձագիտական-վերլուծական բաժնի պետ, Եվրոպական համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Աիդա Թադևոսյանը, Ռումինիայի Ազգային պաշտպանության համալսարանի Դոկտորանտուրայի խորհրդի տնօրեն, գիտությունների դոկտոր (Հանրային հեռահաղորդակցական ենթակառուցվածքներ ռազմական ոլորտում) Ռոչանու Իոնը, Եվրասիա միջազգային համալսարանի ուսանող Ավետիք Խոստեղյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել Կրթահամալիրի պետի, պետի տեղակալների, խորհրդի, ինքնավերլուծությունն իրականացրած աշխատանքային խմբի հետ։ Հաջորդիվ հանդիպում-քննարկումներ տեղի կունենան ֆակուլտետների և ամբիոնների պետերի, ստորաբաժանումների ղեկավարների, դասախոսների և ուսանողների, գործատուների և շրջանավարտների, որակի ապահովման պատասխանատուների, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Իրավագիտություն» և «Ոստիկանական գործ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով ուսումնական հաստատության գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա Կրթահամալիրը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի կրթահամալիրին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք, որ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը 2019-ին Ոստիկանության կրթահամալիրին շնորհել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: