Դեկտեմբերի 16-18-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը։ Խմբի անդամներն են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի կրթության որակի ապահովման պատասխանատու Աիդա Դաբաղյանը, Հայկական բժշկական ինստիտուտի Կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Մկրտչյանը և Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսանող Արեգ Խալափյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, կառավարման խորհրդի անդամների, շրջանավարտների, դասախոսների հետ, իրականացվել են դասալսումներ, պրակտիկաների և ռեսուրսների դիտարկում:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ», «Քույրական գործ» և «Ատամնատեխնիկական գործ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Տեղի կունենան հանդիպումներ նաև որակի ապահովման պատասխանատուի, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա քոլեջը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք՝ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ 2021-ին Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջին շնորհվել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։