Նոյեմբերի 18-20-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի որակի պատասխանատու Լիլիթ Աբելյանը։ Խմբի մյուս անդամներն են Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Սուսաննա Պիչիկյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի Գիտական, գիտատեխնոլոգիական համագործակցության և արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ Օլեգ Գևորգյանը, Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանող Արտակ Խաչատրյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Լիանա Ալավերդյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, շրջանավարտների, գործատուների, կառավարման խորհրդի անդամների հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
Նախատեսված են հանդիպումներ նաև ինքնավերլուծություն իրականացրած խմբի, դասախոսների և ամբիոնների վարիչների, ուսանողների ներկայացուցիչների, որակի ապահովման պատասխանատուի, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Հաշվողական տեխնիկայի և համակարգչային ցանցերի տեխնիկակակն սպասարկում», «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» և «Հագուստի պատրաստման տեխնոլոգիա» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա Լոռու տարածաշրջանային պետական քոլեջը կկազմի փորձագետների կողմից մատնանշված թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք՝ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը 2021-ին Լոռու տարածաշրջանային պետական քոլեջին շնորհել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։