Ապրիլի 16-18-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, Հայաստանի եվրոպական համալսարանի դասախոս, ՀՖՍԿՊԻ որակի ապահովման բաժնի պետ Գագիկ Քթրյանը: Խմբի մյուս անդամներն են Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ Քանաքարա Հայրապետյանը, ՀԱԱՀ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Հովհաննիսյանը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտության ուսանող Հարություն Չիլինգարյանը։ Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել դասալսումներ, ռեսուրսների դիտարկում և նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների, ստորաբաժանումների ղեկավարների, դասախոսների, որակի ապահովման պատասխանատուի և մի շարք այլ ներքին և արտաքին շահակիցների հետ:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա», «Հանրային սննդի տեխնոլոգիա» և «Գործավարություն՝ օտար լեզվի խորացված ուսուցմամբ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք՝ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը 2022-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։