Հունիսի 10-12-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այց է իրականացնում Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Սարգսյանը։ Խմբի անդամներն են տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի Գիտական, գիտատեխնոլոգիական համագործակցության և արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ Օլեգ Գևորգյանը, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Գայանե Համբարձումյանը, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող Լիլիթ Նազարյանը։
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության մասնագետ Լիլիթ Ղազարյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել: Այցի առաջին օրը հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, կառավարման խորհրդի անդամների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ։
Այցի հաջորդ օրերին տեղի կունենան հանդիպումներ քոլեջի դասախոսների և ուսանողների ներկայացուցիչների հետ, ներքին ու արտաքին այլ շահակիցների հետ, կիրականացվի ռեսուրսների դիտարկում:
Այցի երրորդ օրը մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Էլեկտրամատակարարում», «Ջերմամատակարարում և ջերմատեխնիկական սարքավորումներ» և «Հաշվապահական հաշվառում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք՝ Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը 2022-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։