Մարտի 15–18–ը ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց կիրականացնի Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանում (ՇՊՀ)։
Համալսարանը (նախկինում «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ, ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի N 1031Ն որոշմամբ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ է ճանաչվել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը) առաջին անգամ հավատարմագրվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից (ՈԱԱԿ) 2016թ․ 4 տարի ժամկետով։
Փորձագիտական այցի առաջին օրը Խումբը հանդիպումներ է ունեցել համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, Հոգաբարձուների խորհրդի, դեկանների, համալսարանի ստորաբաժանումների ղեկավարների, գործատուների հետ։ Իրականացրել է համալսարանի ռեսուրսների դիտարկում։
Հավատարմագրման երկրորդ շրջափուլում այցերին զուգահեռ տեղի են ունենում մասնագիտական հանդիպում–քննարկումներ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։
Փորձագիտական խմբի ղեկավարն է տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Մհերյանը։ Խմբի անդամներն են ԵՊԲՀ «Ֆարմակոլոգիայի» ամբիոնի ավագ դասախոս, դեղագիտական գիտությունների թեկնածու Կարեն Դիլբարյանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական hամալսարանի «Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղինե Օհանյանը, ԳՊՀ Բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտություն մագիստրոսական կրթական ծրագրի ուսանող Կարեն Մաստոյանը։ Միջազգային փորձագետն է Մորդովիայի Օգարյովի պետական համալսարանի միջազգային համագործակցության գծով փոխդեկան Օլգա Սաֆոնկինան։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Այցից հետո փորձագիտական խումբը զեկույց կկազմի՝ մատնանշելով բուհի ուժեղ և թույլ կողմերը և բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի: Բուհն իր հերթին, հիմնվելով փորձագիտական զեկույցի վրա, կկազմի բարելավման ծրագիր: ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժոովն որոշում կկայացնի՝ հիմնվելով նշված փաստաթղթերի վրա: