Մարշալ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը հունիսի 4-7-ն արտաքին գնահատում կիրականացնի ռազմական բուհում:
Փորձագիտական այցի ընթացքում հանդիպումներ տեղի կունենան բուհի ղեկավարության, ֆակուլտետների և ամբիոնների ղեկավարների, պրոֆեսորադասախոսական կազմի, կուրսանտների, սերժանտների և շրջանավարտների, որակի ապահովման պատասխանատուների, ինչպես նաև ինքնավերլուծություն իրականացրած խմբի ներկայացուցիչների հետ: Փորձագետները նաև տեղում կուսումնասիրեն փաստաթղթեր, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում, կայցելեն զորամաս՝ ծանոթանալու պրակտիկայի պայմաններին:
Մինչ բուհ այցելությունը փորձագետներն ուսումնասիրել էին համալսարանի ինքնավերլուծութունը և ներկայացրած փաստաղթեթերը:
Մարշալ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է Վանաձորի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, ֆիզ. մաթ. Գիտությունների թեկնածու Հերմինե Գրիգորյանը: Խմբի մյուս անդամներն են Ս.Պետերբուրգի աէրոտիեզերական սարքաշինության պետական համալսարանի Ռադիոտեխնիկական և օպտոէլեկտրոնային համակարգերի ամբիոնի վարիչ, տեխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Կրյաչկոն, ՀՀ ՊԿԱ Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու Ավետիս Գևորգյանը, ՀԱՊՀ «Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնի դոցենտ Գեղամ Կարոյանը և ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վիգեն Մկրտչյանը:
Ռազմական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը:
Փորձագիտական խումբը համալսարան այցից հետո զեկույց կկազմի՝ մատնանշելով բուհի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի: Համալսարանը, հիմնվելով փորձագիտական զեկույցի և խորհրդատվության վրա՝ թերությունների վերացման ծրագիր կկազմի:
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը հավատարմագրման մասին որոշում կկայացնի՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի և բուհի բարելավման ծրագրի վրա: