Ինչպե՞ս են ուսանողները քոլեջում մասնագետ դառնում, ինչպե՞ս են գնահատման միջոցով ձևավորվում մասնագիտական կարողություններն ու հմտությունները և որքանո՞վ է գործատուն ներգրավված այդ գործընթացում. այս հարցերն են մայիսի 21-23-ը տեղի ունեցող Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈւ որակի ապահովման ֆորումի օրակարգում:
«Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով միջոցառման ընթացքում ETF անդամ երկրների փորձագետները կուսումնասիրեն ձևավորող գնահատման ՈԱԱԿ-ի մշակած մոդելի կիրառությունը քոլեջներում և բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն:
ՈԱԱԿ առաջարկով գործընկերային գնահատման ընթացքում տեղի կունենան մասնագիտական զրույց-շրջայցեր ուսումնական հաստատություններում՝ դիտարկելու գործատու-դասավանդողների ներգրավմամբ ձևավորող գնահատման ընթացքը, ուսանողների մասնագիտական առաջընթացը խթանող առաջադրանքների կատարումը և նրանց տրամադրվող հետադարձ կապը։ Հանդիպումները և շրջայցերը կիրականացվեն Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջներում և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում։
Երեք օրերի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՄԿՈՒ համակարգի տարբեր շահակիցների՝ ՀՀ ԿԳՄՍՆ, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների, հավատարմագրման փորձագետների, գործատուների, գործատու-դասախոսների, ՄԿՈՒ հաստատությունների ղեկավար կազմի, կրթական ծրագրերի ղեկավարների, կարիերայի կենտրոնների ներկայացուցիչների, որակի ապահովման պատասխանատուների, ուսանողների հետ։
«Ներկայում կրթության որակը ոչ միայն ուսանողների և ծնողների, այլ նաև գործատուների ուշադրության կենտրոնում է։ Գործատուն ակնկալում է արդյունավետ աշխատուժ։ Այսօր աշխարհը շեշտադրում է ձևավորող գնահատումը, որը ենթադրում է, որ ուսանողները պետք է պրակտիկ մասնագիտական աշխատանք կատարեն ուսումնառության ընթացքում և ստանան հետադարձ կապ գործատու-դասավանդողից՝ բարելավելու իրենց կարողությունները, որպեսզի ավարտելիս ունենան աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողություններ»,- ասաց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ մեկնաբանելով միջազգային գործընկերային գնահատման թեմայի ընտրությունը։
ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի անդամ Լուիզա Միլիտոսյանը, անդրադառնալով ձևավորող գնահատմանը, ընդգծեց, որ Հավատարմագրման հանձնաժողովը որոշումներ կայացնելիս հիմք է ունդունում նաև ձևավորող գնահատման առկայությունը և արդյունավետությունը: «Մենք դիտարկում ենք, թե գնահատման մեթոդները որքանով են ճիշտ ընտրված կրթական վերջնարդյունքների ապահովման տեսանկյունից: Ձևավորող գնահատումը և դրա շրջանակներում հետադարձ կապի առկայությունը կրթության որակի շարունակական բարելավման գործուն միջոց են»,- ասաց նա:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, ողջունելով ETF ֆորումի անցկացումը Հայաստանում՝ կարևորեց, որ քոլեջ դիմող ուսանողը հստակ պատկերացում ունենա աշխատաշուկայի կարիքների և մասնագիտությունների էության մասին:
«Կարևորում ենք աշխատանքին միտված գնահատման գործիքների քննարկումները և դրանց վերաբերյալ միջազգային փորձագետների առաջարկությունները»,- ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ ասաց ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը:
Եվրոպական կրթական հիմնադրամի տնօրեն Պիլվի Տորստին նշեց, որ գործունեության 7 տարիների ընթացքում ETF որակի ապահովման ֆորումը մեծ հաջողություններ է արձանագրել: «Մենք կարևորում ենք ETF անդամ երկրներում առկա լավագույն փորձի վերհանումը և տարածումը: Բոլորս պետք է համատեղենք մեր ջանքերը, որպեսզի հասնենք գերազանցության»,- ասաց նա:
ETF-ի որակի ապահովման ֆորումը գործարկվել է 2017թ․-ին։ Ֆորումը միջազգային համագործակցության նախաձեռնություն է ՄԿՈՒ հաստատությունների որակի արտաքին ապահովման գործընթացներ իրականացնող 20 ազգային կառույցների միջև: Ակնկալվում է, որ գործընկերային այցը կնպաստի ՀՀ ՄԿՈՒ ոլորտում որակի ապահովման համակարգի արդիականացմանն ու բարելավմանը և Հայաստանում առկա լավագույն փորձի միջազգայնացմանը: ՈԱԱԿ-ը ETF որակի ապահովման ֆորումին անդամակցում է 2020 թվականից։