ՈԱԱԿ-ը օրերս հյուրընկալել էր Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներին։ Հանդիպման նպատակը մանկավարժական մի քանի մասնագիտությունների համար այժմ մշակվող պետական կրթական չափորոշիչների քննարկումն էր՝ որակի ապահովման գործընթացներում դրանց կիրառման համատեքստում։
Մասնագիտական կրթական համակարգում տեղի ունեցող զարգացումները՝ ինչպես մեր երկրում, այնպես էլ միջազգային ասպարեզում, հանգեցնում են այն համոզմանը, որ որակի ապահովման գործընթացներում կարևորվում է պետական կրթական չափորոշիչների ներկայացումն ուսումնառության արդյունքներով։ Ուսումնառության արդյունքներն են հանդիսանում այն գործիքը, որով որոշակիորեն կարելի է չափելի դարձնել այս կամ այն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման արդյունքը և գնահատել որակը։ Ընդ որում, այս գործիքն այնքանով է ֆունկցիոնալ, որ կարող է կիրառվել ու կիրառվում է ոչ միայն որակավորումների բուհական, ազգային և միջազգային շրջանակի, այլև առարկայական ծրագրերի նկարագրման համար։ Կրթական գործընթացների ներկայացումն ուսումնառության արդյունքներով դրանք ավելի դյուրըմբռնելի ու գնահատելի են դարձնում ոչ միայն մասնագիտական, այլև հանրության լայն շրջանակի համար։ Ապագա մասնագետի ու գործատուի համար այդպիսով հասկանալի է դառնում, թե կոնկրետ որակավորում ունեցող մարդուց ի՞նչ գիտելիք, կարողություն և հմտություն պետք է ակնկալել։ Հասկանալի լինելու պարագայում ապահովվում է նաև այս շահառուների մասնակցությունը կրթության կազմակերպման և իրականացման գործում, ինչը զարգացման կարևոր գործոն է հանդիսանում։
ՈԱԱԿ-ում քննարկված նոր չափորոշիչները ևս ներկայացված էին ուսումնառության արդյունքներով ու նկարագրում էին ուսուցչի որակավորման մասնագիտական և ընդհանուր կոմպետենցիաները։ Նշվեց, որ մանկավարժական համալսարաններում որակի ապահովման փորձաքննության ժամանակ հենց դրանք՝ ուսուցչի որակավորումը նկարագրող ուսումնառության արդյունքներն են դառնալու փորձագիտական գնահատման հիմնական առանցքներից մեկը։ Ի դեպ, մի քանի այլ մասնագիտությունների շարքում ուսուցչի որակավորման գնահատումը ողջ աշխարհում որակի ապահովման գործընթացներում առանձին ուշադրության է արժանանում, քանի որ երկրի ու կրթական համակարգի զարգացման համար սա կանխորոշիչ դեր ունեցող մասնագիտություններից է։
Ընդ որում՝ միայն չափորոշչային մակարդակում խնդիրը չի լուծվելու։ Ուսումնառության արդյունքների կիրառումը որևէ մակարդակում ենթադրում է, որ դրանցով պետք է նկարագրված լինեն նաև առարկայական ծրագրերը: Դրանք ենթադրում են նաև դասավանդման և գնահատման համապատասխան մեթոդներ, որոնց ուղղությամբ, քննարկման մասնակիցների խոսքով, բուհերը դեռ շատ անելիքներ ունեն։ Անհրաժեշտ է ապահովել մասնագիտական չափորոշիչների համապատասխանությունը նաև Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) հետ։
ՈԱՇ-ը ներկայում ևս մշակման փուլում է, ու ինչպես նշեցին քննարկման մասնակիցները, ոլորտում իրականացվող բարեփոխումների այս փուլում, երբ տարբեր օղակներում մշակվում են դաշտը կանոնակարգող փաստաթղթեր, նման համագործակցությունը՝ հանդիպում-քննարկումները կարևոր են։ Դրանք կօգնեն հասկանալ ու համադրել մասնագիտական տարբեր մոտեցումներ և դիտարկումներ։ Արդյունքում ծնված փաստաթղթերն էլ կլինեն հասկանալի, ընդունելի և տարընթերցումներից հնարավորինս զերծ։